211652_close_icon
views-count2204 դիտում article-date 11:15 07-09-2019

Հայաստանի երիտասարդ առաջնորդները կկիսվեն իրենց փորձով ամերիկյան գործընկերների հետ․ «Ամերիկայի ձայն»

«Ազատ մամուլը կարևորագույն արժեք է. կարևոր է, որ քաղաքացիները ստանան անաչառ և բազմակողմանի տեղեկատվություն և, որ պակաս կարևոր չէ, որ վստահեն նրան, ինչ կարդում, տեսնում և լսում են»,- [url=https://www.amerikayidzayn.com/a/5071965.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի տնօրեն Ամանդա Բենեթը ազատ մամուլի կարևորության մասին իր տեսակետները ներկայացրեց Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ հանդիպմանը, ովքեր Միացյալ Նահանգներում հաջորդ օրերի ընթացքում կծանոթանան ամերիկյան հաստատությունների աշխատանքին և կկիսվեն իրենց սեփական փորձով: Հայաստանցի առաջնորդների այցը կազմակերպված է «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կոնգրեսի և իրականացվում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության կողմից, նշում է ԱՄՆ-ի դեսպանության մամուլի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը. «Ծրագիրը հնարավորություններ է ստեղծում Հայաստանից մասնագետների համար հանդիպելու իրենց ամերիկյան գործընկերների հետ և տեղում ծանոթանալու ամերիկյան փորձին, և հետագայում ստեղծված կապերն օգտագործելով, իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով»: Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի Հայաստանցի մասնակիցների հետ քննարկմանը ամերիկյան մասնավոր լրատվամիջոցների ու նաև «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքի փորձը ներկայացրեց «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խմբագիր Արամ Վանեցյանը: ԱՄՆ-ի մայրաքաղաքից ծրագրի մասնակիցները կուղևորվեն Դեթրոյթ, որտեղ կհանդիպեն իրենց գործընկերներին: Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի իրավական խորհրդատու Կարեն Հովհաննիսյանը ցանկանում է ուսումնասիրել ամերիկյան փորձը մի շարք խնդիրների ինստիտուցիոնալ լուծման հարցում. «Ցանկալի է կիրառել ամերիկյան ժողովրդավարության փորձը Հայաստանում, հաշվի առնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը հանդիսանում է հանրության դեմքը, հանրության խողափողը Հայաստանում լուրջ զարգացումների մասին խոսելիս»: Հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրության տնօրենի օգնական Սյուզաննա Թուսինյանին հատկապես հետաքրքրում է նոր տեխնոլոգիաների պայմաններում ռադիոյի զարգացման հեռանկարները. «21-րդ դարում ռադիոն գնում է դեպի վիզուալիզացում և մենք նույնպես կիրառում ենք այդ փորձը, սակայն, պատրաստ ենք նաև դրսի փորձը բերել Հայաստան»: Ծրագրի մասնակիցների հետ մեկ ժամից ավելի փակ դռների հետևում զրուցած ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը հիշեցնում է՝ ծրագիրը փորձի երկկողմ փոխանակում է նախատեսում, ուստի ամերիկյան կողմը նույնպես հնարավորություն կունենա սովորելու հայ մասնագետներից. «Ծրագրին մասնակցում է Հայաստանի հանրային հեռարձակողների փայլուն խումբ և մենք զրուցեցինք ազատ և պատասխանատու լրատվամիջոցների դերի մասին, որն օգնում է քաղաքացիներին անկաղմնակալ տեղեկություններ ստանալ, որպեսզի քաղաքացիները տեղեկացված որոշումներ կայացնեն և երկիրը հաջողություն գրանցի»:

Նմանատիպ նյութեր