211652_close_icon
views-count2968 դիտում article-date 11:03 07-09-2019

Նյուտոնի երրորդ օրենքը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «2001-ի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» («Պոպլավոկ») սրճարանում տեղի ունեցած միջադեպը, երբ 2-րդ նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանը զուգարանում ծեծելով սպանեց Վրաստանի քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանին, մի քանի օր առաջ դարձյալ քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ ՍԴ-ում քննվում էր Ռոբերտ Քոչարյանի հայցը: Պատահաբար, թե հատուկ նպատակով ՍԴ-ի մոտ էր հայտնվել այդ հանցագործության վկաներից մեկը՝ բրիտանացի Սթիվեն Նյուտոնը, որը հիշեց, թե ինչ էր տեղի ունեցել 18 տարի առաջ, լրատվամիջոցներն էլ հիշեցին, որ Աղամալ Հարությունյանը խորհրդանշական և պայմանական պատիժ ստացավ՝ դեպքը ներկայացվեց որպես «անզգույշ սպանություն»: Այդ ժամանակ իշխանությունները և, մասնավորապես, Բաղրամյան-26-ի հրահանգները կատարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հերթական անգամ թքեցին ՀՀ քաղաքացիների երեսին: Կասկածում եմ, որ այսօր գործի նոր քննությունը որևէ արդյունք կտա: Հավանաբար, դժվար կլինի ապացուցել, որ Քոչարյանն իր թիկնապահներին հրահանգել է՝ «սատկացրե՛ք սրան»: Ենթադրում եմ, որ նման հրահանգ չի էլ եղել. լսելով, որ Պողոս Պողոսյանը նրան «սխալ է բարևել», Քոչարյանը, հավանաբար, պարզապես լարել է իր վզի մկանները, և դա թիկնապահների համար միանգամայն բավարար էր: Բայց բարոյական, քաղաքական առումով այդ պատմությունն, ինչ խոսք, հատկանշական է: Այն վկայում է նախ՝ այն ժամանակվա առաջին դեմքի բնավորության մասին, որն, իմ կարծիքով, շաղախված է հիվանդագին ինքնահաստատման ինչ-որ ֆրեյդիստական բարդույթների վրա: Բայց խնդիրն, իհարկե, միայն անձնական չէ. պատմությունը հատկանշական է նաև իշխանությունների ֆանտաստիկ լկտիությամբ, անպատժելիությամբ և ագրեսիվությամբ, որոնք այդ տարիներին հասել էին իրենց գագաթնակետին: Կրկնում եմ, վստահ չեմ, որ օրերս Սահմանադրական դատարանի մոտ հայտնված Սթիվեն Նյուտոնի հարցազրույցների հիման վրա հնարավոր է վերաբացել 18 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը: Բայց բրիտանացին ակամա հիշեցրել է իր հանճարեղ ազգանվանակից ֆիզիկոսի երրորդ օրենքը՝ «ազդումը միշտ ունի հավասար և հակադիր հակազդում, այլ կերպ՝ երկու մարմինների փոխազդեցությունները միմյանց հավասար են և հակառակ ուղղված»։ 2001-ի «Պոպլավոկի» դեպքը, դրան հետևած դատավարությունը և Աղամալ Հարությունյանի գործով դատավճիռը (ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքեր և դատավճիռներ) վիրավորանք էր, անարգանք էր հասարակության հասցեին: Եվ թող Երկրորդ նախագահի աջակիցները, բարեկամները, հարազատները չզարմանան, որ հասարակությունը հիշում է դրա մասին: Պետք է հիշի՝ ոչ այնքան ատելությունն ու վրեժխնդրությունը վառ պահելու, որքան այլևս երբեք նման վերաբերմունք իր նկատմամբ թույլ չտալու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր