հիմնական կայք
Լրահոս

«Սալմաստի պատմություն և մշակույթ». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Սալմաստի պատմություն և մշակույթ». միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սալմաստի պատմություն և մշակույթ» խորագրով գիտաժողով:


Գիտաժողովին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Գրիգոր սուրբ եպիսկոպոս Չիֆթճեանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) հայագիտության Նարեկացի ամբիոնի պրոֆեսոր Ս. Պիտեր Կաուին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ամբիոնի դասախոսներ, գիտնականներ արտերկրից, ուսանողներ:

Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ողջունելով ներկաներին և ներկայացնելով գիտաժողովի դերը, նշեց, որ այն ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի մասն է կազմում:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, դիմելով հավաքվածներին, ասաց. «Այսօրվա գիտաժողովը նվիրված է մեր ժողովրդի կողմից դարերի ընթացքում կերտված նշանակալի կենտրոններից մեկի՝ Սալմաստի պատմությանը և մշակույթին»:

Նախարարը կարևորեց, որ գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի հայագիտության Նարեկացի ամբիոնի համատեղ ջանքերով:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունը նպատակասլաց աշխատանք է տանում, որպեսզի մենք կարողանանք մեկտեղել մեր գիտական ներուժը և խրախուսել Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ նաև հայագիտության բնագավառում: Այս առումով մենք շատ անելիք ունենք»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նախարարությունը մշակում է հայագիտության զարգացման նոր հայեցակարգ, և ներկաներն իրենց լուման են ներդնելու այդ գործում:
ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Անգնահատելի են Սալմաստի գավառի պատմությունը, ազգագրական յուրահատկությունն ու դարերի ընթացքում դրա ունեցած դերակատարությունը»:

Նա նշեց, որ Սալմաստը կամ Զարեհավանն ունի դարերի պատմություն, մ.թ.ա. 9-6-րդ դարերում Ուրարտական հայ թագավորության մաս է եղել, այնուհետև ընդգրկվել է Արտաշեսյան և Արշակունյաց թագավորությունների կազմում:

Զարեհ Սինանյանը ներկայացրեց Սալմաստի պատմության առանցքային կետերը, այնուհետև հավելեց. «Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը, անկասկած, իր դրական ազդեցությունն ունեցավ Հայաստան-Սփյուռք գործակցության վրա՝ հիանալի հնարավորություն ընձեռելով այդ համագործակցությունը նոր որակի և բարձր մակարդակի հասցնելու համար: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում փորձում է ստեղծել փոխվստահության վրա հիմնված նոր գործակցություն՝ ամենից առաջ բացահայտելով սփյուռքի ներուժը, ճանաչելով սփյուռքն իր ամբողջ բարդությամբ»:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Գրիգոր սուրբ եպիսկոպոս Չիֆթճեանն իր օրհնանքի խոսքը փոխանցեց ներկաներին՝ հաջողություն մաղթելով գիտաժողովի աշխատանքներին:
Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը թվեց գիտաժողովի նպատակները. «Սալմաստը չափազանց կարևոր մի կենտրոն է, չափազանց կարևոր տարածաշրջան, որտեղ երեք գիտական հաստատությունների մեկտեղումը կարող է հետաքրքիր արդյունքներ ունենալ»:

Մյուս նպատակն ամբիոնի վարիչը համարեց կիրառական, քանի որ Ատրպատականի Սալմաստի նահանգում կա մշակութային մեծ ժառանգություն, որի խնամքը, ուսումնասիրությունը, հետազոտությունը և համաշխարհային հանրությանը ներկայացնելն Իրանի Իսլամական Հանրապետության և համայն հայության գործառույթն են:

«Մշակութային դերակատարության ստանձնումը գիտաժողովի մյուս կարևոր նպատակն է: Հայ ժողովրդի առաջընթացի, զարգացման, այս տարածաշրջանում մեր պետականության հզորացման կարևորագույն ուղիներից մեկը կամրջի դերակատարության վերականգնումն է: Պատմականորեն Հայաստանը մշտապես եղել է զանազան մշակույթների, կենտրոնների, ժողովրդների համար կամուրջ: Եռակողմ գիտաժողովի նախաձեռնումն ինչ-որ առումով մշակութային առաքելություն է՝ միտված ամրապնդելու գիտական, մշակութային, ակադեմիական հարաբերությունները տարբեր գիտական կենտրոնների միջև»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ներկայացնելով իր դիտարկումները ներկաներին, նշեց, որ Սփյուռքի գիտական կյանքը չի կարող շրջանցել Հայաստանի Հանրապետությունը, և մեր երկիրը պետք է գիտական կենտրոն դառնա:

Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) հայագիտության Նարեկացի ամբիոնի պրոֆեսոր Ս. Պիտեր Կաուին, ողջունելով և շնորհակալություն հայտնելով հյուրերին, խոսեց գիտաժողովին արտասահմանյան գործընկերների մասնակցության կարևորությունից:

Պրոֆեսոր Կաուին ներկայացրեց Սալմաստն ուսումնասիրող գիտնականներին, հովանավորներին:
Նա նշեց, որ Սալմաստը դարեր ի վեր զարմացնում է ուսումնասիրողներին իր մշակութային յուրահատկությամբ, եկեղեցիներով, վանքերով, ամրոցներով:

Բացման ելույթներից հետո գիտնականները շարունակեցին աշխատանքը: Հնչեցին զեկուցումներ տարածաշրջանային հնագիտության, բարբառագիտության, տարածաշրջանային ճարտարապետության, ինչպես նաև պարսկական արխիվներում Սալմաստի վերաբերյալ փաստաթղթերի մասին:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք