211652_close_icon
views-count5038 դիտում article-date 16:41 30-08-2019

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Ջուլֆալակյանին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին։ ՀԱՕԿ նախագահը բարձր է գնահատել մասնագետի 20-ամյա գործունեությունը, շնորհակալություն է հայտնել անվանի մարզչին և նշել, որ անկախ ամեն ինչից՝ շարունակելու է աշխատել վերջինիս հետ։ «Ձեր հրաժարականից առաջ մենք հանդիպել էինք։ Ես ասել էի, որ կարծում եմ որ դուք պետք է շարունակեք աշխատել մինչև Օլիմպիական խաղերը, քանի որ հենց դուք եք սկսել այս ճանապարհը։ Սակայն սա ձեր վերջնական որոշումն է։ Դուք ասացիք, որ այս մթնոլորտում չեք շարունակի աշխատել։ Այս 20 տարիների ձեր աշխատանքը աչքի է ընկել բազմաթիվ մեդալներով։ Եթե մեդալներ ու արդյունքներ չլինեին՝ դուք այսքան ժամանակ չէիք շարունակի աշխատել։ Մենք բարձր ենք գնահատում ձեր աշխատանքը, հաղթանակները, մեդալները։ Դուք Օլիմպիական չեմպիոն եք, ՀԱՕԿ-ի գործկոմի անդամ և մեր համագործակցությունը պետք է շարունակական լինի։ Մենք առաջիկայում կպարգևատրենք ձեզ, ինչպես հարկն է, և շնորհակալություն կհայտնենք ձեր կատարած աշխատանքի համար։ Ցանկանում եմ, որ վստահ լինեք, որ մենք ձեզ հարգում և սիրում ենք: ՀԱՕԿ-ը և ես որպես ՀԱՕԿ նախագահ չենք կարող անտեսել ձեր կատարած աշխատանքը։ Շատ շնորհակալ եմ։ Ամենակարևորը՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ձեր հրաժարվելը չի նշանակում, որ դուք հրաժարվում եք հայկական սպորտից։ Դուք մեզ հետ եք, մեր կողքին»,-խոսքը եզրափակեց ՀԱՕԿ նախագահը։ Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ մշտապես զգացել է ՀԱՕԿ նախագահի աջակցությունը։ «Մենք 20 տարի միասին աշխատել ենք։ Մենք ոչ միայն միասին աշխատել ենք, այլև՝ եղել ենք ընկերներ։ Այս 20 տարիների ընթացքում, երբ աշխատել եմ չեմ կարող դժգոհություն հայտնել։ Դուք միշտ եղել եք սպորտի կողքին։ Միշտ աջակցել եք։ Ամեն բան տեսանելի է եղել։ Հասել էր այն պահը, որ այլ ելք չկար։ Սա էր ճիշտ որոշումը։ Մենք քննարկեցինք Ձեր հետ, ես ներկայացրի իրավիճակը և դուք ինձ հասկացաք, ընդունեցիք։ Շնորհակալ եմ իմ աշխատած բոլոր տարիների համար։ Արդյունքները, որոնք մենք ցույց ենք տվել միայն մարզիչների շնորհիվ չի եղել, կողքից պետք է օգնեին։ Ինչ կարողացել արել եմ, նվիրվել եմ ամբողջովին և անմնացորդ»,-ասաց Ջուլֆալակյանը։ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ևս բարձր գնահատեց մասանգետի աշխատանքը․ «Այս տարիներին պարոն Ջուլֆալակյանի ցույց տված արդյունքներն, իհարկե, պատահականություն չէին։ Նրա դրած նշաձողն այնքան բարձր է եղել, որ շատերը պետք է ձգտեն և կարողանան գերազանցել։ Շնորհակալություն։ Ինչպես նշեց պարոն Ծառուկյանը, պետք է շարունակենք աշխատել միասին՝ հանուն հայկական սպորտի զարգացման։ Ձեր փորձը մեզ շատ է պետք»,-նշեց Ռոստոմյանը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ևս բարձր գնահատեց Լևոն Ջուլֆալակյանի դերը հայկական ըմբշամարտի զարգացման գործում։ «Ես ցանկանում եմ մեր ֆեդերացիայի անունից շնորհակալություն հայտնել պարոն Ջուլֆալակյանին մեր համատեղ աշխատանքի համար։ Անկախ նրա որոշումից ՝ նա կմնա մեզ համար շատ հարգված, սիրելի մարդ և ավագ ընկեր»,- ընդգծեց Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր