հիմնական կայք
Լրահոս

Հայաստանում առաջին անգամ՝ Media Club. Մեկ հարկի տակ՝ բիզնեսի տասնյակ ներկայացուցիչներ, փորձի փոխանակում ու նոր նախաձեռնություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանում առաջին անգամ՝ Media Club. Մեկ հարկի տակ՝ բիզնեսի տասնյակ ներկայացուցիչներ, փորձի փոխանակում ու նոր նախաձեռնություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Բիզնես ոլորտի տասնյակ ներկայացուցիչներ, թեմայով հետաքրքրվողներ, առաջատարներ ու սկսնակներ երեկ՝ օգոստոսի 27-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում էին՝ մասը կազմելու մի նախաձեռնության, որի նպատակը ոլորտի զարգացումն ու գործընկերային նոր հարաբերությունների կայացումն է:


«Media club», այսպես է կոչվում Հայաստանում առաջին նեթվորքինգ պլատֆորմը, որը հնարավորութուն կտա ոլորտի ներկայացուցիչներին առանց ավելորդ միջորդների հիմք դնել նոր համագործակցությունների, կազմակերպել փորձի փոխանակում, ֆորմալ ու ոչ ֆորմալ քննարկումներ:

Նախաձեռնության կազմակերպիչ ընկերության՝ Media Systems գովազդային գործակալության դիջիթալ մարքեթինգի ղեկավար Յանա Յանիկյանի խոսքով՝ գործընկերներից շատ անգամներ են լսել դժգոհությունն այն մասին, որ Հայաստանում չկա նման պլատֆորմ. «Որոշեցինք նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել ու նման հարթակ ստեղծել: Նախատեսում ենք տարվա ընթացքում նմանօրինակ մի քանի հանդիպում կազմակերպել՝ յուրաքանչյուրը հստակ ասելիքով ու թեմատիկայով»:

Յանա Յանիկյանի խոսքով՝ մեկնարկի օրվա ընտրությունը պատահական չէր. 3 տարի առաջ՝ ճիշտ նույն օրը, Media Systems-ը հիմք դրեց առաջին ոչ ստանդարտ տեղադրումների մոդելին: Այս անգամ էլ՝ կրկին առաջինը լինելու պատրաստակամությամբ, ընկերությունը նախաձեռնել էր Media Club-ի ստեղծումը: Պատահական չէր նաև առաջին հանդիպման բանախոսների ընտրությունը. ընտրվել էին կազմակերպություններ, որոնք լուրջ դերակատարում ունեն շուկայի կայացման հարցում` Menu.am և Globbing:

Բանախոսներից առաջինը Menu.am ընկերության տնօրեն Սևադա Բաղդյանն էր, ով կիսվեց սեփական փորձով, ընկերության հաջողություններով և հույս հայտնեց՝ կլինեն գործարարներ, որոնք կվերցնեն իրենց փորձն ու կկիրառեն այն իրենց բիզնեսում: Ինչ վերաբերում է հարթակի ստեղծմանը, Բաղդյանը նկատեց՝ Հայաստանում լուրջ բաց կա՝ ներկայացնելու բիզնեսի հաջողված պատմությունները, ինչն էլ հենց փորձում է լուծել Media Systems-ը. «Պրոպագանդել բիզնես հաջողություններն ու ստեղծել հարթակ, որտեղ կարող են հաջողակ բիզնեսմեներն ու սկսնակները շփվել, փորձի փոխանակում անել և արդյունքում երկրում զարգացնել գործարարությունը»:

Բաղդյանի խոսքով՝ նախկինում այդ բացը փորձել են ինքնուրույն լուծել, ինչն իրենցից խլել է հավելյալ ժամանակ ու ռեսուրս, որը կարելի էր ավելի նպատակային օգտագործել. «Գործարարը պետք է զբաղվի գործարարությամբ, հարթակներ ստեղծողներն՝ իրենց աշխատանքով. արդյունքում բոլորի աշխատանքը անհամեմատ արդյունավետ ու լավ կլինի»,-նշեց Menu.am-ի ներկայացուցիչը:

Մյուս բանախոսը՝ Globbing ընկերության մարքեթինգի ղեկավար Վահե Ղազարյանը ևս ընդգծեց՝ բիզնես միջավայրում այս հարթակի անհրաժեշտությունը հրատապ էր. «Հատկապես այն ընկերությունների համար, որոնք ինչ-որ նոր բան են սկսում անել,նոր ոլորտ կերտել, նոր մշակույթ ստեղծել, շատ կարևոր քայլ է:
Հարթակը միանշանակ կտա այն հնարավորությունը, որ մարդիկ համախմբվեն, բիզնեսները միավորվեն և էլ ավելի արագ տեմպերով զարգացնեն հայկական ստարտափները, բիզնեսները, մտքերը, արտադրանքը»:

Ելույթներից, բանախոսներին ուղղված տասնյակ հարցուպատասխաններից հետո Media Club-ում անցում էր ինտերակտիվից առավել ինետարկտիվի: Մասնակիցներին հնարավորություն տրվեց զրուցելու, ծանոթանալու, քննարկելու ու նաև ամփոփելու մեկնարկի վերաբերյալ տպավորությունները:

Տարվա ընթացում նախատեսված է Media Club-ի մի քանի հավաք. բիզնես ոլորտի ներկայացուցիչները հաջորդ անգամ իրար գլուխ կհավաքվեն նախաձեռնության առաջիկա հանդիպումներին:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք