հիմնական կայք
Լրահոս

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ներկայացուցիչների հետ։Նախարարը ողջունել է գործարարներին և ներկայացրել Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները։ Նախարարը իրանական բիզնեսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու տեսանկյունից կարևորել է Հայաստանի աշխարհագրական դիրքը և մշակութային ընդհանրությունները հարևան պետությունների միջև։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ հայազգի գործարարների գիտելիքները և պատկերացումները իրանական տնտեսության վերաբերյալ՝ մի կողմից, և ռուսաստանյան տնտեսական միջավայրի մասին՝ մյուս կողմից, կարող են խիստ արդյունավետ լինել համագործակցության համար։


Նախարարը կարևորել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կնքված ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը։ Նախարար Խաչատրյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության արդյունքները և բացվող տնտեսական հեռանկարները։

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական միջավայրին․«Կառավարության վերջին մեկ տարուց ավելի վարվող քաղաքականության առանցքային կետերից է շուկայում գործող և մեկնարկողբիզնեսի համար առավելագույն հավասարության ապահովումը։ Գործունեության յուրաքանչյուր բնագավառում նոր կազմակերպություն ստեղծելը և բիզնեսով զբաղվելը հավասարապես հասանելի է ցանկացած կազմակերպության համար, մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար:Կառավարության նպատակն է բացառել կոռուպցիայի որևէ դրսևորում այն հարաբերություններում, որոնք վերաբերում են պետական մարմինների և մասնավոր հատվածի միջև շփումներին», - ասել է Տիգրան Խաչատրյանը:

Իրան-Հայաստան առևտրաական պալատի վարչության նախագահ Հերվիկ Եարիջանյանը շնորհակալություն է հայտնել նախարար Տիգրան Խաչատրյանին և ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին ընդունելության համար՝ ընդգծելով էկոնոմիկայի նախարարության հետ քննարկումների կարևորությունը։ Պալատի ներկայացուցիչները նախարարին հարցեր են ուղղել Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու առանձնահատկությունների, մաքսային ընթացակարգերի, հարկային կարգավորումների վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը նախարարության իրավասու պաշտոնյաներին հանձնարարել է պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու օրերին հետամուտ լինել նրանց հուզող հարցերի պարզաբանմանը և օժանդակել գործարար կապերի հաստատմանը։ Նախարարը հույս է հայտնել, որ գործարարներն արդյունավետ հանդիպումներ կունենան գործընկերների հետ, ինչը կհանգեցնի համատեղ բիզնես ծրագրերի իրականացմանը։

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք