211652_close_icon
views-count194081 դիտում article-date 10:31 24-08-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes C 200-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր. Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան (ժողովրդին հայտնի Ախպարաշեն) փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes C 200 մակնիշի 08 AA 848 համարանիշի և 35 TD 969 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ներից 35 TD 969 համարանիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Ա. Հակոբյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Անդրանիկ Գևորգյանի գլխավորությամբ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ռազմիկ Շիրինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին, մինչև ճանապարհային ոստիկանների ու բժիշկների հասնելը, օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող «Արջուկ» կահույք խանութ-սրահի աշխատակիցները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 239+
239+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր