211652_close_icon
views-count2832 դիտում article-date 15:32 15-08-2019

Հայկական լրատվամիջոցները պետք է զերծ մնան ադրբեջանական թեզերի տարածումից

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը օգոստոսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող լարվածությունը երկուստեք իրականացվող ինժեներական աշխատանքների հետևանք է, ինչի արդյունքում հայկական կողմը նշանակալի ձեռքբերումներ ունի գրեթե բոլոր սահմանամերձ շրջաններում, փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/984998.html]armenpress.am[/url]-ը։ Հետաքրքրական է, որ հայկական լրատվադաշտում Բալայանի հայտարարությունը տարածեցին սահմանափակ թվով լրատվամիջոցներ․ հայկական կողմի արձանագրած առաջընթացը, կարծես թե, որոշակիորեն անտեսվեց։ Մյուս կողմից, արդեն երկու օր անց՝ օգոստոսի 14-ին ադրբեջանական մի քանի ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկատվություն, թե իբր Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը Ղազախի շրջանում առաջ է տվել դիրքերը՝ դիրքային պայքարում հաղթելով հայ սահմանապահներին։ Թեև տեղեկատվությունը անգամ չէր կրում պաշտոնական բնույթ (ԶԼՄ-ները տեղեկատվությունը ստացել էին ոչ պաշտոնական աղբյուրներից), այնուամենայնիվ, որքան էլ ցավալի է, տարածում գտավ հայկական մեդիադաշտում՝ դառնալով լայն քննարկումների առարկա։ Դրանք չդադարեցին, անգամ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հերքումից հետո: Ավելին, ադրբեջանական կողմը սկսեց լայնորեն շրջանառել «նոր դիրքերում ամրանալու» ապատեղեկատվությունը՝ հավելելով թե, իբր, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն անուղղակիորեն հաստատել է, որ հայկական կողմը տանուլ է տվել դիրքային պայքարում։ Դեպքերի զարգացման ժամանակագրական հաջորդականության և Բաքվի քարոզչական արշավի վերլուծության համադրությունից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանն ապատեղեկատվության տարածմամբ փորձում է ստվերել սահմանագծում հայկական կողմի առաջխաղացումը և ամրապնդումը: «Դիրքային հաջողությունների» մասին կեղծ թեզերի խնդիրն է ստեղծել իմիտացիա, թե սահմաններում ադրբեջանական կողմն ունի առավելություն՝ հայ հանրային շրջանակներում տարածելով պարտվողական տրամադրություններ: Տեղեկատվական պատերազմի նույն տրամաբանության շրջանակներում է տեղավորվում հայ զինծառայողի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու դեպքի վերաբերյալ մեկնաբանությունները: Ադրբեջանական կողմը, օգտագործելով իր տեղեկատվական ողջ գործիքակազմը, փորձեց հեղինակազրկել հայկական բանակի և հայ զինվորի կերպարը: Ցավոք, հայկական որոշ լրատվամիջոցներ այդ դեպքում ևս, անտեսելով հայկական պաշտոնական տեղեկատվությունը, դարձան ադրբեջանական թեզերի տարածողներ: Ամփոփելով՝ պետք է նշել, որ հայկական և ադրբեջանական կողմի միջև ընթացող տեղեկատվական պատերազմի պայմաններում առավել քան կարևոր է, որ լրատվամիջոցները հակամարտությանը, սահմանային իրավիճակին առնչվող հարցերում ցուցաբերեն առավել պրոֆեսիոնալ և լուրջ մոտեցում՝ գիտակցելով այդ հարցերում տեղեկատվական մանիպուլյացիաների խիստ վտանգավորությունը: Հայաստանյան ԶԼՄ-ները պետք է դառնան ոչ թե ադրբեջանական ապատեղեկատվության տարածողը, այլ դրա առաջին բացահայտողները և հերքողները՝ որպես տեղեկատվական պատերազմի մեր «սահմանապահներ»:

Նմանատիպ նյութեր