211652_close_icon
views-count1381 դիտում article-date 15:01 14-08-2019

Արցախի ԱԺ նախագահը Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի հետ քննարկել է կրթական ոլորտին առնչվող հարցեր

Օգոստոսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին, ՀԱՀ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին և Արցախի ծրագրի ղեկավար Նոնա Պողոսյանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է ՀԱՀ նորանշանակ նախագահին պաշտոնը ստանձնելու կապացությամբ և վստահություն հայտնել, որ համալսարանի և Արցախի իշխանությունների միջև նախորդ տարիներին ձևավորված համագործակցությունը շարունակաբար զարգանալու է: Աշոտ Ղուլյանը ընդգծել է Արցախում կադրերի վերապատրաստման և կարողությունների զարգացման, արցախցի ուսանողներին ժամանակակից կրթական մոդելներին մասնակից դառնալու հնարավորությունների ընձեռնման ուղղությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարին Մարկիդեսը նշել է, որ հստակ պատկերացնում է, թե 21-րդ դարում համալսարանները ինչպիսի դերակատարություն պետք է ունենան հասարակության զարգացման գործում, և իր ջանքերը ներդնելու է Հայաստանում կրթության ոլորտի կատարելագործման հարցում ամերիկյան համալսարանի դերը ավելի ընդգծելու համար: Նա պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համալսարանի և Արցախի միջև առկա փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ուղղություններ:

Նմանատիպ նյութեր