հիմնական կայք
Լրահոս

Մեծամորում բացվել է Ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հուշակոթող. ներկա է եղել Աննա Հակոբյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեծամորում բացվել է Ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հուշակոթող. ներկա է եղել Աննա Հակոբյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ օգոստոսի 12-ին, Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Սաշա Գալստյանի ծննդյան օրը, Մեծամորում տեղի է ունեցել Սաշային և քառօրյայի մյուս զոհերին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը: Սաշա Գալստյանի տան բակում հանդիսավոր արարողությանը նրա ծնողների կողքին էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ընտանիքի բազմաթիվ բարեկամներ: Հուշակոթողի բացման և օծման արարողությունից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո հուշակոթողի մոտ բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը:


Սաշա Գալստյանի ծննդյան օրվան նվիրված արարողությունը շարունակվել է Մեծամորի մշակույթի պալատի դահլիճում, որտեղ ցուցադրվել է հերոսի մասին պատմող տեսաֆիլմ, հնչել են ելույթներ, բանաստեղծություններ, մարտական-հայրենասիրական երգեր, ներկայացվել պարային կատարումներ:

«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ խաղաղության ամեն վայրկյանը հնարավոր է դառնում Սաշայի նման տղաների շնորհիվ»,- ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Արմավիրի մարզը 8 զոհ է տվել Ապրիլյան պատերազմում: «Մենք պարտք ենք պատերազմի բոլոր զոհերին, և այդ պարտքը պետք է վերադարձնենք մեր ամենօրյա աշխատանքով մեր երկիրը շենացնելու միջոցով»,- ասել է մարզպետը:

Սաշայի ծնողներն իրենց խոսքում շնորհակալություն են հայտնել բոլոր ներկաներին իրենց որդու ծննդյան օրն իրենց կողքին լինելու համար: Սաշայի մայրը՝ տիկին Սոֆյան, նշել է, որ երկու տարի լացով է նշել այս օրը, սակայն վերջերս Արցախ կատարած այցի ժամանակ հասկացել է, որ լացելու ժամանակն ավարտվել է: «Այնտեղ պատահական մարդիկ մեզ ճանաչում էին, փողոցում քայլելիս մոտենում ասում էին՝ դուք Սաշի մայրիկն եք, դուք Քյարամի մայրիկն եք: Դա մեզ պարտավորեցնում է, որ մեզ ճիշտ դրսևորենք, և այսուհետ ամեն բան անելու եմ իր ծնունդներն ուրախ ու հպարտությամբ դիմավորելու համար»,- ասել է տիկին Սոֆյան:

Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 12-ին: Մեծամորում 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ՝ ատամնատեխնիկի մասնագիտությամբ, ավարտել է գերազանցության կարմիր դիպլոմով: 4-րդ դասարանից երազել է բժիշկ դառնալու մասին: Զոհվել է 2016 թվականի ապրիլի երկուսին՝ դիպուկահարի կրակոցից, իր 4-5 զինակիցների հետ մի քանի ժամ շարունակ անհավասար մարտում պայքարելուց հետո:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք