հիմնական կայք
Լրահոս

ՄԱՐՏԱԿԵՐՏ. ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԳԻԾ. ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՆՈՐԱԿՈՉԻԿ - ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՄԱՐՏԱԿԵՐՏ. ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԳԻԾ. ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆ  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԶՈՐԱՄԱՍԻ ՆՈՐԱԿՈՉԻԿ - ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ օգոստոսի 11-ին Մարտակերտում այս ոգով՝ հաղթական ոգով 198 զինվոր երդում տվեցին՝ ծառայելու հայրենիքին:


Հիրավի, Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրում մեր խիզախ զինվորների երդման արաողությունն էր, որին մասնակցում էին Մարտակերտի զորամասի հրամանատար, գնդապետ Էրիկ Գրիգորյանը, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը, զինվորականներ, ծնողներ եւ հարազատներ:

Հանդիսավոր երդումը վարում էր զորամասի հրամանատարի ԲՀԳ տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը:

Զինվորները գեղեցիկ շարք կազմած երդվեցին հայրենիքին նվիրվել անձնվիրաբար. տրիբունայից երդում տվեց նորակոչիկ-զինվոր շարքային Արթուր Դանիելյանը:

Զինվորներին ողջունեց եւ շնորհավորեց զորամասի հրամանատար, գնդապետ Էրիկ Գրիգորյանը:

Ելույթ ունեցավ փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը:

Զինվորներին օրհնանքի խոսք ասաց զորամասի գնդերեց Նորիկ սարկավագ Խաչատրյանը:

Իսկ շարքային Սամվել Հակոբջանյանը շնորհավորեց ծառայակից ընկերներին եւ իր խոսքում նշեց. « Մենք՝ նորակոչիկներս, մեծ հուզմունք ենք ապրում այս պահին, միաժամանակ լցված ենք հպարտության զգացումով, քանի որ այս պահից սկսած հայրենիքին անմնացորդ ծառայելու պատրաստակամությամբ օժտված զինվոր ենք դարձել: Խոստանում եմ, որ ես եւ իմ ծառայակից ընկերները հավատարիմ ենք մնալու զինվորական երդմանը եւ պատվով ենք կատարելու մեր զինվորական պարտքը:

Մեծ փառք ու պատիվ է մեզ համար ծառայել Հայոց բանակում, որի շարքերում հերոսացել է անմահ զինվորների մի ամբողջ աստղաբույլ: Նրանց սխրանքները մեզ համար հայրենիքին անմնացորդ նվիրվելու օրինակ են դարձել:

Հպարտ ենք նաեւ, որ ծառայելու ենք հենց այս զորամասում, որի անպարտ մարտական ուղին սկսվել է Արցախյան պատերազմի տարիներից, անցել Ապրիլյան պատերազմի միջոցով եւ շարունակվում է առ այսօր:

Սիրելի ծնողներ, հավատացած եղեք, որ մենք Ձեզ հուսախաբ չենք անի: Վստահ ենք, որ Ձեր բարի խրատները կօգնեն մեզ հաղթահարելու ցանկացած դժվարություն, եւ դուք դեռ շատ առիթներ կունենաք ձեր որդիներով հպարտանալու:

Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես մեզ՝ նորակոչիկներիս՝ զինվորական երդման կապակցությամբ: Մաղթում եմ բոլոր նորակոչիկներին կապույտ երկինք, անփորձանք ծառայություն ու բարի տունդարձ»,-իր խոսքում նշեց Մարտակերտի զորամասի զինվորը:

Փառք մեր հերոսական զորամսին ...

Փառք զորամասի սպաներին եւ զինվորներին:

Բարի եւ անփորձանք ծառայություն բոլոր զինվորներին:

Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
«Ջրաբերդ» պաշտոնաթերթի
գլխավոր խմբագիր

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք