հիմնական կայք
Լրահոս

Մի քանի ժամ է, հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Գագիկ Ծառուկյանի տան հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհի դեմ. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մի քանի ժամ է, հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են Գագիկ Ծառուկյանի տան հարևանությամբ առաջացած խոշոր հրդեհի դեմ. կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արդեն 1.5 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի Ավանի և Քանաքեռ-Զեյթունի հրշեջ-փրկարարները պայքարում են Կոտայքի մարզում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները մի քանի անկյուններից են պայքարում կրակի դեմ և նրանք բաժանված են մի քանի խմբերի։

Երևանի Ավանի հրշեջներն այս պահին պայքարում են Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների մոտ առաջացած խոշոր հրդեհի դեմ, իսկ Քանաքեռ-Զեյթունի հրշեջներն էլ հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող տարածքում են աշխատանքներ կատարում կրակի տարածման դեմ։

Քամին իր սև գործն անում է, սակայն շնորհիվ հրշեջների՝ կրակի տարածումն այլ օջախներ կանխվել է։ Հրշեջ ավտոմեքենաներն արդեն 2-3 անգամ ջրով լիցքավորվել և վերադարձել են հրդեհի վայր։

Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն անզեն աչքով երևում է, որ հրշեջները վտանգում են իրենց կյանքը, քանի որ վառվում է ոչ միայն չոր խոտը, այլև կենցաղային աղբ, այդ թվում՝ պլաստամասե իրեր, իսկ դրանցից առաջանում են թունավոր գազեր։

Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, դա պարզ կլինի փորձաքննություններ նշանակելուց հետո։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ 1.5 ժամից ավելի է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները չեն բարեհաճում ժամանել դեպքի վայր, որպեսզի հոսանքազրկեն տարածքը, քանի որ հրդեհի հետևանքով վնասվել են նաև մի քանի փայտե էլեկտրասյուներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք