211652_close_icon
views-count2039 դիտում article-date 23:28 05-08-2019

ԱՄԷ դեսպանը պարգևատրել է հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի հայ մարզիկներին

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի ոսկե և արծաթե մեդալակիրների Ռոբերտ Պետրոսյանն ու Գևորգ Մանուկյանը պարգևներ ստացան Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիից: Օգոստոսի 5-ին տեղի ունեցած միջոցառման ընթացքում դեսպանն ընդգծեց, որ դեսպանատան նախաձեռնությունն իրականություն է դարձել ՀՀ կառավարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ առանձնահատուկ համագործակցության շնորհիվ: «Վստահեցնում եմ, որ մենք լիովին պատրաստ ենք համագործակցել նախարարության և հաշմանդամների միության հետ՝ մասնակցելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են հաշմանդամների աջակցմանը, նրանց տրամադրվող ծառայությունների զարգացմանը և հնարավորությունների ու հմտությունների ամրապնդմանը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բարձր գնահատել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առկա երկկողմ հարաբերությունների մակարդակը, և փաստել, որ այս հարաբերությունները հիմնված են համագործակցության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Վերջին շրջանում տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները և ստորագրված նոր հուշագրերը փաստում են հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին»,- նշեց դեսպանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ սպորտն ու պարաօլիմպիկ խաղերը հնարավորություն և առիթ են եղել ցույց տալու հաշմանդամություն ունեցող անձանց կարողություններն ու հավասար հնարավորությունները: Մարտի 5-ից 21-ն Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի ընթացքում լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մ թիկնալող վարժությունում դարձել է խաղերի հաղթող, իսկ 50 մ ազատ ոճի լող վարժությունում` նվաճել արծաթե մեդալ: Ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանն առաջինն է եզրագիծը հատել 100 մ վազք մրցաձևում, իսկ թափավազքով հեռացատկ վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր: Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերն անցկացվում են օլիմպիական ցիկլով: 2019թ. խաղերին մասնակցել են 190 երկրի 7500 մարզիկ: ԱՄԷ դեսպանի կողմից խրախուսական պարգևներ և շնորհակալագրեր ստացան այն բոլոր այն մարզիկները, որոնք տարբեր տարիների ընթացքում մեդալներ են նվաճել ԱՄԷ անցկացված հատուկ օլիմպիադաների աշխարհի խաղերում:

Նմանատիպ նյութեր