հիմնական կայք
Լրահոս

Պոլսում պատրիարքի ընտրությունները դեկտեմբերի 11-ին անցկացնելու համար դիմել են նահանգապետարան

Պոլսում պատրիարքի ընտրությունները դեկտեմբերի 11-ին անցկացնելու համար դիմել են նահանգապետարան Կ.Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը կազմակերպելու համար ստեղծված նախաձեռնող մարմինը պատրիարքական ընտրություններին ընդառաջ սկսել է աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքության «Ֆեյսբուք»-ի էջը:


Նախաձեռնող մարմնի աշխատանքները իրականացվում են 1961 թվականի սեպտեմբերի 18-ին նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշմանը, ինչպես նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից տրված 1990 և 1998 թվականների պատրիարքական ընտրությունների կանոնադրությունների դրույթներին համապատասխան:

Ըստ եկեղեցական ավանդույթների՝ ընտրությունները անցկացվելու են երկաստիճան եղանակով՝ ընտրվելու են հոգևոր և աշխարհիկ պատվիրակներ, որոնք էլ ընտրելու են պատրիարքին:

Նախաձեռնող մարմնի հանդիպումների արդյունքում որոշվել է հոգևոր պատվիրակների ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 7-ին, աշխարհիկ պատվիրակներինը՝ դեկտեմբերի 8-ին, իսկ արդեն պատրիարքի ընտրությունները՝ դեկտեմբերի 11-ին: Նախաձեռնող մարմինը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով դիմել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը՝ ընտրությունների անցկացման օրերը հաստատելու նպատակով: Մարմինը պահանջում է, որպեսզի նախարարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում պատասխանի իրենց դիմումին:

2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հուլիսի 4-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Իսկ հուլիսի 17-ին պատրիարքարանում տեղի ունեցած նիստի ժամանակ կազմավորվել է Նախաձեռնող մարմինը, որը համակարգելու է պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք