Թունիսում հրաժեշտ են տվել նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիին
Պետությունների ու կառավարությունների ղեկավարները, պաշտոնական օտարերկրյա պատվիրակությունները հուլիսի 27-ին մասնակցել են 92 տարեկանում կյանքից հեռացած Թունիսի նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել նախագահական պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Թունիսի մայրաքաղաք են ժամանել Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Ալժիրի նախագահները, Իսպանիայի և Մարոկկոյի թագավորները, Կատարի էմիրը, Պաղեստինի և Լիբիայի առաջնորդները:
Թունիսում այս օրերին ուժեղացրել են անվտանգության միջոցները: Հազարավոր քաղաքացիներ են հավաքվում փողոցներում՝ վերջին հրաժեշտը տալու առաջնորդին, որը Թունիսի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:
Թունիսի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին: