211652_close_icon
views-count2747 դիտում article-date 17:18 26-07-2019

Հուրգադայում գտնվող ՀՀ քաղաքացիներն առողջական խնդիրներ չունեն. 119-ն այսօր կվերադառնան

Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հետ՝ չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների առողջական խնդիրների հետ կապված: Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այնտեղ գտնվող մեր քաղաքացիների մոտ այս պահին առողջական խնդիրներ չկան, նրանցից 119-ն այսօր կվերադառնան Հայաստան՝ կառավարության կողմից ապահովված թռիչքով։ Մշտական կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, որպեսզի ըստ անհրաժեշտության զբաղվենք մեր քաղաքացիների առողջական խնդիրներով»,- գրել է Թորոսյանը: Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամով 17:00-ին), Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: Ավելի վաղ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը տեղեկացրել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: ՀՀ քաղաքացիները մնացել էին Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով: Ըստ որոշ տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։

Նմանատիպ նյութեր