211652_close_icon
views-count1486 դիտում article-date 11:37 25-07-2019

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին

ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերը, որը պաշտոնում հաստատվել է երեքշաբթի օրը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում լարվածության հետագա թեժացում Պարսից ծոցի շրջանում և պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների։ «Մենք չենք ցանկանում լինել մի իրավիճակում, երբ պատահում են սադրանքներ, երբ զավթվում են նավեր և տեղի են ունենում ինչ-որ նման բաներ, և երբ լարվածությունը խորանում է։ Մենք փորձում ենք հասնել լիցքաթափման»,- ասել է Էսփերը լրագրողներին։ Որպես օրինակ նա նշել է իրանական լցանավի կալանումը Ջիբրալթարում բրիտանական իշխանությունների կողմից և բրիտանական լցանավի կալանումը Իրանի կողմից։ «Դա դառնում է ակն ընդ ական։ Եվ մենք ցանկանում ենք խուսափել նման իրավիճակներից»,- ասել է Էսփերը։ «Մեր ազդանշանը նրանց (Իրանին) շատ պարզ է, որ առանց որևէ նախապայմանի ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում մենք ցանկանում ենք հանդիպել և խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք վերադառնալ բանակցություններին»,- ավելացրել է նախարարը։ Լրագրողների հետ Էսփերի խոսակցության սղագրությունը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հայտնել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նմանատիպ նյութեր