211652_close_icon
views-count1381 դիտում article-date 14:29 11-07-2019

Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի գեներալ-նահանգապետին

Հուլիսի 9-ին Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետին (Julie Payette): Գեներալ-նահանգապետը շնորհավորեց Հայաստանի դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց կարևոր առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով Հայաստանի և Կանադայի միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերություններին` Ժուլի Պայետը հույս հայտնեց, որ դեսպանն իր գործուն ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման և խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով գեներալ-նահանգապետին բարեմաղթանքների համար՝ Անահիտ Հարությունյանը վստահեցրեց, որ իր գործունեությունն ուղղված է լինելու երկկողմ կապերի խորացմանը և փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Անդրադառնալով անցած տարի Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան պաշտոնական այցին` դեսպան Հարությունյանն ընդգծեց, որ առ այսօր առանձնակի ոգևորությամբ ու ջերմությամբ հիշվող այդ պատմական իրադարձությունը նոր շունչ և որակ է հաղորդել հայ-կանադական գործընկերությանը: Զրուցակիցները բարձր գնահատեցին Կանադայի հայ համայնքի դերը երկկողմ բարեկամական կապերի ձևավորման և զարգացման գործում: Անահիտ Հարությունյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի երախտագիտությունը Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղաս­պանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար: Գեներալ-նահանագապետի պաշտոնական նստավայրում` Քվեբեկ քաղաքի պատմական ամրոցում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Ժուլի Պայետի և Անահիտ Հարությունյանի առանձնազրույցը:

Նմանատիպ նյութեր