հիմնական կայք
Լրահոս

Կառավարությունը արտոնություններ տվեց երկու ընկերությունների. ներդրման ընդհանուր ծավալը մոտ 16 մլրդ դրամ

Կառավարությունը արտոնություններ տվեց երկու ընկերությունների. ներդրման ընդհանուր ծավալը մոտ 16 մլրդ դրամ Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում որոշում կայացրեց արտոնություն տալ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը:


Մասնավորապես, կառավարությունը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու այդ ընկերության հայտը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ընկերությունը ներմուծել է սարքավորումներ քաղցրահամ և հանքային ջրերի շշալցման համար: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել ապրանքների լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 14 նոր աշխատատեղ և իրականացվել 1,12 մլրդ դրամի ներդրում:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Մոեֆֆգրուպ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

«Մոեֆֆգրուպ» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Ներդրումային ծրագրի շրջանակներում Ընկերությունը նախատեսում է ՀՀ, Արմավիրի մարզում զբաղվել AISI 304 տեսակի չժանգոտվող մետաղից հակավանդալային ապրանքների արտադրությամբ։ Նշված ներդրումային ծրագրով նախատեսվում է արտադրության ընդլայնում։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 14,7 մլրդ դրամի չափով ներդրում, որից ցանկով ներկրվող հումքի, նյութերի և ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 14,5 մլրդ դրամ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 130 հազ․դրամ միջին աշխատավարձով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք