հիմնական կայք
Լրահոս

Հայաստանի և ՌԴ Սվերդլովսկի մարզի միջև նախանշվել են համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի և ՌԴ Սվերդլովսկի մարզի միջև նախանշվել են համագործակցության զարգացման հեռանկարները Եկատերինբուրգում ընթացող Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Սվերդլովսկի մարզպետի առաջին տեղակալ Ալեքսեյ Օրլովի հետ։ Կողմերը քննարկել են Սվերդլովսկի մարզի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները:


«Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև առևտրաշրջանառությունը աճում է: Այս հարաբերությունների հետագա զարգացումն, անշուշտ, կնպաստի մեր միջև համագործակցության խորացմանը, և մենք կկարողանանք օգտագործել ունեցած ներուժը», - ասել է Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կազմակերպել հանդիպում Հայաստանի և Սվերդլովսկի մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների համար, ինչպես նաև զարգացնել փոխգործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

«Հաշվի առնելով մեր մարզի արտադրական ներուժը և Հայաստանի շուկայի հնարավորությունները՝ մենք զգալի հեռանկարներ ենք տեսնում Սվերդլովսկի և Հայաստանի ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության զարգացման համար, մասնավորապես՝ տրանսպորտի, մեքենաշինության և սարքաշինության ոլորտներում», - իր խոսքում նշել է Ալեքսեյ Օրլովը:
Առևտրաշրջանառության ծավալների աճի դրական միտումների պահպանման, համատեղ հումանիտար և գիտատեխնիկական ծրագրերի մշակման և իրականացման նպատակով, Սվերդլովսկի մարզի կառավարությունն առաջարկել է քննարկել երկարամյա համագործակցության վերաբերյալ համաձայնագրի թարմացման ստորագրման հնարավորությունը։

Ընդհանուր գործակցության հիմքերի ամրապնդման տեսանկյունից կողմերը առանձնահատուկ կարևորել են մարզերի միջև կապերի սերտացման անհրաժեշտությունը։

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք