հիմնական կայք
Լրահոս

Տիգրան Խաչատրյանը Ռուսաստանում մասնակցում է GMIS 2019-ին

Տիգրան Խաչատրյանը Ռուսաստանում մասնակցում է GMIS 2019-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հուլիսի 9-10-ը Եկատերինբուրգում մասնակցում է Արտադրության և արդյունաբերության գլոբալ գագաթնաժողովին (GMIS 2019)։


Գագաթնաժողովի նպատակն է արտադրողների, կառավարությունների, ՀԿ-ների, տեխնոլոգների և ներդրողների միջև կամուրջներ ստեղծել, ինչպես նաև քննարկել Չորրորդ Արդյունաբերական հեղափոխության գլոբալ տնտեսության վերափոխման հեռանկարները։
Տիգրան Խաչատրյանը որպես բանախոս մասնակցել է «Բազմազանեցված զարգացում և Եվրասիայի արդյունաբերական մրցունակության ապագայի սահմանում. քաղաքականությունից մինչև գործնական քայլեր» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։

Նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ միասնական արդյունաբերական քաղաքականության մշակման մասին դիտարկումներ՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ներգրավումը արտադրական գործընթացներում արտադրողականության բարձրացման համատեքստում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնացել է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արդյունաբերության նախարարների հանդիպմանը։

Տիգրան Խաչատրյանը մի շարք օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինի հետ։

Նախարար Խաչատրյանը Եկատերիբուրգում ՀՀ հյուպատոս Նարեկ Սպարտակյանի ուղեկցությամբ հանդիպել է մի շարք ձեռնարկատերերի հետ՝ քննարկելու Հայաստանում բիզնես գործունեություն ծավելելու հնարավորությունները։

Հուլիսի 10-ին Տիգրան Խաչատրյանը կշարունակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումները և քննարկումները, ինչպես նաև կայցելի GMIS 2019-ի շրջանակներում կազմակերպված արդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսը։

GMIS-ը Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և արդյունաբերության նախարարության և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) համատեղ նախաձեռնությունն է։ Այս տարի միջոցառումը համախմբել է 40 երկրի ներկայացուցիչների։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք