հիմնական կայք
Լրահոս

Վարչապետը սինգապուրյան Temasek Holdings-ի ներկայացուցիչների հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Վարչապետը սինգապուրյան Temasek Holdings-ի ներկայացուցիչների հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Կառավարության ղեկավարը հուլիսի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ` ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի գլխավորությամբ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:


Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է քննարկելու Temasek Holdings հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով վերջինիս արդյունավետ գործունեությունը, տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական բնագավառը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ մեր երկրի նպատակն է կառուցել տեխնոլոգիական տնտեսություն, որի լոկոմոտիվը կլինի ՏՏ ոլորտը:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում ինժեներական համակարգը եղել է զարգացած, այժմ երկրում գործում են ինժեներական ոլորտում հաջողությամբ գործունեություն ծավալող ընկերություններ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջին 7 տարիներին ՏՏ ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ:

Վարչապետը ներկայացրել է նաև մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերը` հավելելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվում մի շարք ուղղություններով: «Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական հնարավորություններին և ընկերությունների գործունեությանը»,- ասել է վարչապետը:

Նագի Համիյեն նշել է, որ Սինգապուրում առկա է փոքրաթիվ, սակայն կազմակերպված սփյուռք, որի ներկայացուցիչները հաջող գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում` տեխնոլոգիական: Պարոն Համիյեն հավելել է, որ Temasek հոլդինգը պատրաստ է ՀՀ կառավարության հետ քննարկել համագործակցության, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում ինժեներական կրթության ոլորտում: Temasek Holdings ներդրումային խմբի համաղեկավարը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը Սինգապուրում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և տեխնիկական համագործակցության հեռանկարները:

Temasek Holdings-ի ներկայացուցիչները հրավիրվել են այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: Հրավերը սիրով ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել Երևանում։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք