211652_close_icon
views-count8470 դիտում article-date 13:44 04-07-2019

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր թատրոնի և կինոյի նշանավոր հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին՝ Գյումրիում։ Սովորել է տեղի նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում նշանավոր ռեժիսոր և թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանի գլխավորությամբ։1956 թվականից սկսած հանդես է եկելԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մհեր Մկրտչյանը խաղացել է տասնյակ ներկայացումներում և նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում։Արժանացել է բազմաթիվ պարգևների և մրցանակների (ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1984), ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Միմինո» ֆիլմի համար, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Եռանկյունի» ֆիլմի համար և այլն)։ 2001 թվականին հետմահում պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերին` ծանր հիվանդությունից։ Այժմ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ։ Մկրտչյանը լայն հասարակության հայտնի է նաև Ֆրունզ (Ֆրուզիկ) անվամբ։ Մհեր Մկրտչյանի խոսքերից շատերն այսօր դարձել են թևավոր․ - Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։ - Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ։ - Տաղանդավոր մարդր չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում։ - Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել։

Նմանատիպ նյութեր