211652_close_icon
views-count3088 դիտում article-date 20:20 03-07-2019

20 տարի բեմում. օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը՝ անցած ճանապարհի և անելիքների մասին

Օպերային մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանն, ով արդեն 20 տարի բեմում է, հասցրել է իր բեմական կենսագրության մեջ հանդես գալ բազմաթիվ դերերգերով ամենատարբեր երկրներում: Ողջ էությամբ իր գործին նվիրված երգչուհու առաջին դերերգը եղել է դեռ 24 տարեկանում՝ Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգով: Առաջին քայլն անելուց հետո դերերգերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին. Լիլիթ Սողոմոնյանը «Աիդա» օպերայում մարմնավորել է Աիդային, հանդես է եկել «Տոսկա», «Մանոն Լեսկո», Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո», Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն», Ամիլկարե Պոնկիելի «Ջոկոնդան» և այլ օպերաներում: Լիլիթ Սողոմոնյանը միջազգային տարբեր մրցույթների դափնեկիր է, կրթությունը ստացել է Իտալիայում, որտեղ նաև աշխատել է տարբեր մասնագետների հետ: Խոսելով իր ծավալած գործունեության մասին՝ Լիլիթ Սողոմոնյանը նշեց, որ բախտ է ունեցել աշխատել ու շփվել հրաշալի ու տաղանդավոր ռեժիսորների ու դիրիժորների հետ, և իր մեծ ցանկությունն ու պարտքն է համարում այդ գիտելիքները հետագայում փոխանցել երիտասարդ սերնդին: Վերջին 2 տարին օպերային մեներգչուհին հրավերներով հանդես է եկել Չիլլիում՝ Սանտյագոյի «Մունիսիպալ» թատրոնում, Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «La Forza del Destino» օպերաներով: Այնտեղ երգչուհին աշխատել է իտալացի ռեժիսոր Ստեֆանո Վիցիոլիի և չիլիացի դիրիժոր Պեդրո Պաբլո Պրուդենսիոյի հետ: Լիլիթ Սողոմոնյանն ուրախությամբ նաև հավելեց, որ` հուլիսի 4-ին կրկին Տոսկայի դերերգով հանդես է գալու «Տոսկա» օպերայում՝ Ազգային թատրոնում. «Հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում են ինձ ու իմ գործունեությունը: Անհամբերությամբ սպասում եմ ելույթիս, քանի որ 3 տարի է, ինչ այս դերով ինչ-ինչ պատճառներով հանդես չեմ եկել»,-ասում է նա և նշում, որ ապագայում ծրագրերը շատ են, իսկ առաջարկները՝ բազմազան: Ինքն էլ իր հերթին փորձում է միշտ հանդես գալ այնպես, որ բարձր պահի և արվեստի արժեքը և երկրի պատիվը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր