հիմնական կայք
Լրահոս

Կիրակի օրվանից Իրանն իր ուզած մակարդակով կհարստացնի ուրանը. Ռոհանիի նախազգուշացումը ԵՄ-ին

Կիրակի օրվանից Իրանն իր ուզած մակարդակով կհարստացնի ուրանը. Ռոհանիի նախազգուշացումը ԵՄ-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին եվրոպացի գործընկերներին նախազգուշացրել է, որ կիրակի օրվանից սկսած Թեհրանը կսկսի ուրանի հարստացումն իր ուզած մակարդակով իրականացնել:


Ինչպես նշում է The Washington Post-ը, այսպիսով՝ Ռոհանին փորձում է ճնշում գործադրել եվրոպացի գործընկերների նկատմամբ, որպեսզի նրանք երկրի տնտեսությունը թիրախավորող ամերիկյան պատժամիջոցները մեղմելու տարբերակներ առաջարկեն:

Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարի առաջ դուրս է եկել 2015թ. Իրանի և «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից՝ պատճառաբանելով, որ այն չի բխում ԱՄՆ շահերից և վերականգնելով Իրանի դեմ ծանր տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:

Միջուկային պայմանագրի դրույթների համաձայն՝ Իրանն իրավունք չունի ուրանի հարստացումն իրականացնել ավելի քան 3,67%-ով, քանի որ այդ դեպքում նյութը հնարավոր կլինի կիրառել միջուկային ռումբի ստեղծման համար:

Պայմանագրի շրջանակում Իրանը համաձայնել էր մինչև 3,67% հարստացված ուրանի պաշարները չհասցնել 300 կգ-ի, սակայն անցած երկուշաբթի թե՛ Իրանը, թե՛ ՄԱԳԱՏԷ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը) հաստատել են, որ Թեհրանը գերազանցել է թույլատրելի շեմը:

«Մենք կարող ենք մեր ուզած, մեզ անհրաժեշտ ցանկացած քանակությամբ ուրան հարստացնել ու հատել 3,67%-ի շեմը»,- հայտարարել է Ռոհանին:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք