211652_close_icon
views-count1490 դիտում article-date 11:39 03-07-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցերով կմեկնեի Վիետնամ և Սինգապուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Վիետնամի անկախության և ազատության համար զոհված հերոսների հուշահամալիր, ինչպես նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի դամբարան: ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՎՍՀ առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ, կայցելի Վիետնամում Հայաստանի դեսպանություն, որտեղ կհանդիպի «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Հուլիսի 7-9-ին էլ Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լոնգի հրավերով Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Սինգապուրի Հանրապետություն: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Սինգապուրի բարձրագույն ղեկավարության՝ Սինգապուրի նախագահ Հալիմա Յակոբի, Սինգապուրի վարչապետ Լի Շին Լունգի, Սինգապուրի խորհրդարանի խոսնակ Թան Չուան-Ջինի հետ: Նախատեսվում է երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Սինգապուրում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, որտեղ կհանդիպի Սինգապուրում և հարևան երկրներում գործող հայ համայնքների ներկայացուցիչներին: Նախատեսվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Սինգապուրի գործարար շրջանակների հետ:

Նմանատիպ նյութեր