211652_close_icon
views-count1046 դիտում article-date 20:40 28-06-2019

Սոֆիայում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 40-րդ հանդիպումը

Հունիսի 28-ին Սոֆիայում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 40-րդ հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունն ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։ Հանդիպումը վարում էր ՍԾՏՀԿ նախագահող երկրի՝ Բուլղարիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զահարիևան։ Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց վերջին շրջանում ՀՀ ներքին ժողովրդավարական զարգացումները և կառավարության վերակազմավորման և օպտիմալացման գործընթացը։ Շեշտելով տարածաշրջանում ներառական տնտեսական համագործակցության կարևորությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ տարածաշրջանում գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությանը, ինչը հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։ Նա նշեց, որ աշխարհում կան բազմաթիվ հաջողված օրինակներ, երբ անդրսահմանային առևտուրը և տնտեսական նախագծերն օգնել են վերականգնելու ժողովուրդների և գործարար շրջանակների միջև կապերը՝ նպաստելով կայունության և խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը: Արտակ Ապիտոնյանը մասնակիցներին տեղեկացրեց հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՏՏ ոլորտի համաշխարհային 23-րդ կոնգրեսի (WCIT 2019) մասին և ընդգծեց, որ ՀՀ-ն որպես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ՍԾՏՀ աշխատանքային խմբի համակարգող երկիր հիշյալ կոնգրեսի շրջանակներում նախատեսում է կազմակերպել ՍԾՏՀ երկրների համար հարակից միջոցառում, ինչը կարող է նպաստել նշյալ ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ Կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու և քաղաքական առճակատման հարթակ դարձնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների փորձերն անընդունելի են, հակասում են ՍԾՏՀԿ կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կառույց: ԱԳ նախարարարի տեղակալն անդրադարձավ նաև ՍԾՏՀԿ օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ ԱԳՆԽ-ի 40-րդ հանդիպման արդյունքում ընդունվեցին բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ՝ ներառյալ ՍԾՏՀ-ում Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ։ Ավարտին տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության՝ Հունաստանին փոխանցման արարողություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր