հիմնական կայք
Լրահոս

ՆԱՍԱ-ն անօդաչու կուղարկի դեպի Սատուրնի ամենամեծ արբանյակ՝ Տիտան

ՆԱՍԱ-ն անօդաչու կուղարկի դեպի Սատուրնի ամենամեծ արբանյակ՝ Տիտան ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պատրաստվում է միջուկային էներգիայով (ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատոր) գործող անօդաչու թռչող սարք ուղարկել դեպի Սատուրն մոլորակի շուրջը պտտվող արբանյակներից ամենամեծը՝ Տիտան:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, սարքի առաքելությունը լինելու է տիեզերքի հեռավոր հատվածներում կյանքի գոյության նշանների, ինչպես նաև բնակության համար հարմար վայրերի որոնումը:

Գործակալության փոխանցմամբ՝ Dragonfly կոչվող սարքը կուսումնասիրի Տիտանի տարբեր հատվածները:

Մասնագետների ընտրությունը պատահական չէ կանգ առել Տիտանի վրա, քանի որ այնտեղի պայմանները չափազանց նման են 4 մլրդ տարի առաջ Երկրի վրա տիրած պայմաններին: Ուստի՝ հետազոտությունը գիտնականներին հնարավորություն կտա հասկանալու՝ ինչպես է կյանքը զարգացել մեր մոլորակի վրա: Բացի այդ, կյանքի զարգացման և տարածման հետ կապված գաղտնիքների բացահայտումը թույլ կտա տիեզերքում կյանքի գոյության նշանների որոնման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպել:

Նշվում է, որ Տիտանի մակերևույթը կազմված է ժայռի պես ամուր սառույցից, որի տակ, ըստ գիտնականների, Խաղաղ օվկիանոսի ծանծաղ ջրերի նույն ջերմաստիճանով հեղուկ ջուր կա:

Տիտանի օրգանական քիմիան բաղկացած է բարդ մոլեկուլներից, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտնականների համար:

«Մոլեկուլները, որոնք վերջին 4 մլրդ տարվա ընթացքում երկնային մանանայի պես թափվում էին երկնքից, կարող են դեռևս այնտեղ պահպանված լինել: Չի բացառվում, որ դրանք փոփոխությունների չեն ենթարկվել, խորը սառեցման փուլում են ու սպասում են Երկրի քիմիկոսների կողմից հետազոտվելուն»,-Տիտանի նկարագրության մեջ նշել էր աստղաֆիզիկոս Կառլ Սագանը:

Դեպի Տիտան գիտարշավի կազմակերպիչներից մեկը՝ գիտնական Էլիզաբեթ Թըրթլը, ենթադրել է, որ հեռավոր երկնային մարմնի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ կան:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք