211652_close_icon
views-count1712 դիտում article-date 20:16 27-06-2019

Մարզադաշտն իր շուրջը նոր կյանք, նոր տնտեսություն կկերտի, արմատապես կփոխի փոքրիկ քաղաքի կյանքը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը օրերս հայտարարեց, թե ազգային մարզադաշտը կառուցվելու է ոչ թե Երեւանում, այլ մայրաքաղաքին մոտ գտնվող որեւէ մարզում: Երբ ամիսներ առաջ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստվում են մարզադաշտը կառուցել Երեւանում, մենք առարկեցինք, առաջարկելով նոր ժամանակներին համահունչ մարզադաշտը կառուցել Երեւանին մոտ որեւէ քաղաքում : Անկասկած, ողջունում ենք, որ ֆուտբոլի ֆեդերացիան այս հարցում համաձայնեց մեր տեսակետի հետ: Դժվար չէ պատկերացնել, թե հավաքականի կամ ակումբային մակարդակի միջազգային հանդիպումը նորակառույցում անցկացնելու դեպքում ինչ աշխուժություն կառաջանա այն քաղաքում, այն մարզում, որտեղ որոշվի կառուցել մարզադաշտը: Առաջարկում ենք, որ ֆեդերացիան մրցույթ կազմակերպի այն քաղաքների, մարզերի միջեւ, որտեղ իմաստավորված կլինի մարզադաշտի կառուցումը: Իսկապես, պարտադիր չէ, որ ազգային հավաքականը խաղերն անցկացնի միայն Երեւանում: Նոր մարզադաշտն իր հետ նոր ենթակառուցվածքներ է առաջացնելու, աշխուժացնելու է կյանքը, նպաստելու փոքր, անգամ միջին բիզնեսի զարգացմանը: Ողջունելի է նաեւ, որ մարզադաշտը կառուցվելու է ոչ թե ֆեդերացիայի բյուջեի, այլ մասնավոր ներդրումների հաշվին, իսկ ֆեդերացիան միջոցները կուղղի փոքր մարզադաշտերի կառուցմանը: Փոքր մարզադաշտերը եւս կառաջացնեն նոր ենթակառուցվածքներ, կնպաստեն բիզնես կյանքի աշխուժացմանը: Այնպես որ, կարելի է կառուցել նաեւ փոքր մարզադաշտեր, ազգային առաջնություններին մասնակցող թիմերին աջակցելով այս կարեւոր գործում: Մոտ երկու տարի առաջ «Այլընտրանքային նախագծեր խումբը» հանդես եկավ ֆուտբոլի մասին ծավալուն հրապարակումով, որտեղ կոնկրետ առաջարկներ էինք արել ֆուտբոլը տեղից պոկելու, զարգացնելու համար: Շատ լավ է, որ մեր առաջարկն արդեն արձագանքներ է գտնում: Մենք նշել էինք, որ ֆուտբոլի զարգացումը միայն ՀՖՖ-ի ուսերին թողնելով էական հաջողության չենք հասնի: Հիմա եւս շեշտում ենք, որ ֆուտբոլի զարգացումը միայն ՀՖՖ-ով չի կարող իրականություն դառնալ, բայց այդ զարգացման հիմքերը պետք է հենց ՀՖՖ-ում դրվեն, նախագծերն այնտեղ արվեն: Ժամանակակից աշխարհում ֆուտբոլը ձեւավորում է հասարակական արժեքներ, հարաբերությունների համակարգ: Մարդիկ ապրում են ֆուտբոլով: Սերնդեսերունդ ընտանիքներում երկրպագում են այս կամ այն թիմին, եւ դա ընտանեկան ավանդույթ է: Մեկ անգամ եւս կրկնենք մեր առաջարկները՝ ֆուտբոլը Հայաստանում վերակենդանացնելու համար անհրաժեշտ է. Ա. Ձեւավորել ֆուտբոլային ինդուստրիա Բ. Վերականգնել ֆուտբոլի եւ ժողովրդի կապը: Մարզային մարզադաշտերի, ենթակառուցվածքների ստեղծումն այս ուղղությամբ արվող կարեւոր քայլերից մեկն է: Իսկ նոր մարզադաշտի կառուցումը Երեւանից դուրս հրաշալի նախաձեռնություն է: Մարզադաշտի կառուցման հետ մեկտեղ կարելի է մտածել արագընթաց երկաթուղու կառուցման մասին, բարձր որակի ավտոմայրուղու մասին: Մարզադաշտն իր շուրջը նոր կյանք, նոր տնտեսություն կկերտի, մարզադաշտը արմատապես կփոխի փոքրիկ քաղաքի տնտեսական, մարզական եւ մշակույթային կյանքը: [b]Գեղամ Նազարյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»[/b]

Նմանատիպ նյութեր