211652_close_icon
views-count2093 դիտում article-date 10:44 26-06-2019

Քոչարյանին կալանավորված պահելը պետք է հիմնավորել իրավական տեսանկյունից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկ երիտասարդ տաքսիստն ինձ ասում է՝ «Քոչարյանի հարցազրույցը նայեցի, վախեցա, կարո՞ղ է հետ գա»: Այդ պահին 16-ն անց մոտավորապես 5 րոպե էր, և ինձ արդեն հայտնի էր, որ Երկրորդ նախագահին նորից կալանավորելու են: Երբ այդ լուրը հայտնեցի վարորդին, քիչ էր մնում ինձ գրկեր: Եվ հետո ամբողջ ճանապարհի ընթացքում պատմում էր, որ իր հոր հետ ամբողջությամբ դիտել է հարցազրույցը, անհանգստացել է, գիշերը չի քնել, և պատճառը երկրորդ նախագահի ագրեսիվ, ինքնավստահ կեցվածքն էր: Ճիշտն ասած, այս պարագայում ես կիսում եմ մարդկանց զգացմունքները՝ մանավանդ, որ թե՛ հարցազրույցների և թե՛ դատաքննության ժամանակ Քոչարյանն իսկապես իրեն ամբարտավան է պահում, հաճախ նաև ստում է, մասնավորապես, այն մասին, թե Հայաստանի «դժոխքն» ինչպիսի դրախտ է ինքը սարքել 1998-2008 թվականներին: Հայաստանը դրախտ չէր 1998-ին, դրախտ չէր 2008-ին, 2018-ին և այդպիսին չի լինի 2028-ին: Բայց կյանքը երբեմն դժոխք են սարքում այն ոխակալ ղեկավարները, ում թիկնապահները մարդ են սպանում իրենց (այդ ղեկավարներին) «սխալ բարևելու» համար: Մնացած բաների մասին չասեմ՝ բոլորս ամեն ինչ հիշում ենք: Մի խոսքով, անձամբ ես ինձ ավելի հանգիստ և ապահով եմ զգում, երբ այդ անձնավորությունն անազատության մեջ է: Բայց եթե մի կողմ դնենք զգացմունքները, ապա զուտ իրավական առումով պետք է հասկանալ, թե ո՞րն է Երկրորդ նախագահին կալանավորելու իմաստը: Քոչարյանը, ինչպես արդեն առիթ էի ունեցել արձանագրելու, այն մարդկանցից չէ, ով կցանկանա փախչել՝ դա վերջ կդներ նրա քաղաքական հավակնություններին և գետնին կհավասարեցներ նրա «վոինի» իմիջը: Իսկ ազդելո՞ւ է արդյոք նա գործի քննության վրա: Իհարկե, ազդելու է: Նյութական և տեղեկատվական լուրջ ռեսուրսներ ունեցող գործիչն ունի դրա բոլոր հնարավորությունները, և նրա օգտին հրավիրվող ցույցերի ժամանակ մասնակիցներին բաժանվող պիցցան այստեղ միայն այսբերգի երևացող մասն է, ավելի ճիշտ՝ այսբերգի երևացող մասի մեկ տոկոսը: Վստահ եմ, որ Քոչարյանն ազդեցություն ունի կոռումպացված բյուրոկրատիայի բազմաթիվ ներկայացուցիչների վրա: Բայց քննության վրա Երկրորդ նախագահը կարող է ազդել ինչպես ազատության, այնպես էլ անազատության մեջ: Բացառված չէ անգամ, որ կալանավորված վիճակում ազդեցությունն ավելի արդյունավետ լինի՝ այս դեպքում գուցե օգնի «տառապյալի պսակը»: Այնպես որ հույզերը՝ հույզերով, բայց մինչև դատավճիռը Քոչարյանին կալանավորված պահելը պետք է հիմնավորել իրավական տեսանկյունից: Արդյո՞ք դատարանը դա հիմնավորել է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր