211652_close_icon
views-count1236 դիտում article-date 09:25 26-06-2019

Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության լայն հնարավորություններ են բացվում․ «Ամերիկայի ձայն»

«Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը 40 միլիոն դոլարով ավելացնելու մասին կոնգրեսական Սփիրի առաջարկը, որն ընդունվեց ձայների զգալի մեծամասնությամբ, ինչպես նաև կոնգրեսական Փալոնի ներկայացրած հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության առաջարկն անհրաժեշտ է դիտարկել միասնական, որպես Հայաստանի զարգացմանն ուղղված ընդհանուր ծրագիր»,- [url=https://www.amerikayidzayn.com/a/4973662.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին: Նույն տրամաբանության մեջ է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Կոնգրեսականներ Սփիրի և Փալոնի առաջարկները, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված կոնգրեսական Թիջեյ Քոքսի՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար ամերիկյան բյուջեից գումար հատկացնելու առաջարկը քաղաքական լուրջ նշանակություն ունեն, համոզված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը. «Օրինակ, այդ օգնությունը այլ պայմաններում կարող էր ուղղվել Հայաստանի փոխարեն այլ երկրների՝ նույն Ուկրաինային կամ Վրաստանին, որոնք այլ աշխարհաքաղաքական մոտեցումներ ունեն, սակայն, Սփիրի նախաձեռնության լուրջ աջակցությունը, Փալոնի նախաձեռնության կողմնակիցների աճող թիվը վկայում են, որ Վաշինգտոնում առկա է լայն կոնսենսուս՝ հայ-ամերիկյան գործընկերությունը ռազմավարական բնույթ է ստանում»: Համբարյանի կարծիքով, անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում փոխվել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ նախկինում հավասարազոր մոտեցումը. «Այսօր Վաշինգտոնում բոլորն են համաձայն, որ ժողովրդավարության, խաղաղության և գործընկերության տեսանկյունից Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող անդունդ է առկա: Հայաստանը ԱՄՆ-ի համար շատ ավելի լավ գործընկեր է, շատ ավելի ժողովրդավար երկիր»: ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները համոզված են՝ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները հայ-ամերիկյան համագործակցության լայն հեռանկար են բացում: «Իրականում, հաշվի առնելով զգալի փոփոխությունները և ժողովրդավարական առաջընթացը Հայաստանում, մենք նույնիսկ կոչ կանեինք է՛լ ավելի մեծ աջակցություն հատկացնել Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին», - նշում է Արդունին:

Նմանատիպ նյութեր