հիմնական կայք
Լրահոս

Կուզենայի՝ իմ առաջին բեմելն էլ երեխաներիս բեմելի նման սկսվեր. Կամո Սեյրանյանը՝ որդու և դստեր երաժշտական կարիերայի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կուզենայի՝ իմ առաջին բեմելն էլ  երեխաներիս բեմելի նման սկսվեր. Կամո Սեյրանյանը՝ որդու և դստեր  երաժշտական կարիերայի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Կուզենայի՝ իմ առաջին բեմելն էլ սկսվեր այնպես, ինչպես սկսվեց իմ երեխաների համար.պրոֆեսիոնալ բեմում՝ 150 պրոֆեսիոնալ երաժշտի հետ՝ մեկ բեմում:


Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց դուդուկահար Կամո Սեյրանյանը՝ անդրադառնալով այն տեսագրությանը, որն օրեր առաջ հայտնվել է համացանցում:

2018 թվականի նոյեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Կամո Սեյրանյանի բացառիկ մենահամերգին ելույթ ունեցան նաև նրա որդին և դուստրը, ինչը անակնկալի բերեց հանդիսատեսից շատերին: Լևոնն ու Սեդան իրենց ապագայում պատկերացնում են որպես պրոֆեսիոնալ երաժիշտ-երգիչներ:

Մեր թղթակցի հետ զրույցում նրանք կիսվել են իրենց անցած ճանապարհով և ապագայում իրենց ծրագրերով: Լևոն Սեյրանյանը 6 տարեկանից հաճախել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, սովորել դաշնամուրային բաժնում: Այժմ ուսումը շարունակում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժող-վոկալ բաժնում:

Ի տարբերություն Լևոնի՝ Սեդայի՝ երաժշտական կյանք սկսելու ցանկությունը զարմացրել է ընտանիքին:

12 տարեկանում, դուդուկահարի դուստրը ցանկություն է հայտնել երգելու, սակայն սկզբում ընտանիքում լուրջ չեն վերաբերվել այդ մտքին: Սեդան համառել է, ծնողները նրան ուղարկել են Երգի պետական թատրոն: Այժմ նա սովորում է Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցի 11-րդ դասարանում. նաև դաշնամուր է նվագում:

«Նպատակս մեծ բեմերում երգելն ու որոկյալ, մնայուն երաժշտություն ներկայացնելն է: Երգում եմ տարբեր ոճերում՝ ջազ, փոփ, ժողովրդական և այլն»,-ասաց Սեդա Սեյրանյանը:

Չնայած երաժշտական աշխարհում կայացած, հայտնի ու սիրված լինելուն՝ Կամո Սեյրանյանը երբեք արհեստականորեն ճանապարհ չի հարթել իր երեխաների համար:

«Երբեք ինչ -որ հարցում չեմ միջնորդել, որ նրանք հայտնի դառնան, կամ այս կամ այն հաջողությունը գրանցեն: Երկուսն էլ իրենց ուժերով են հասել այսպիսի մակարդակի: Լևոնի հետ կապված մանկուց նկատել ենք, որ հակում ունի դեպի երգ-երաժշտությունը, իսկ Սեդայի երգելու ցանկությունը մեզ համար անակնկալ էր:Ես ուրախ եմ, որ նրանք ընտրել են այս ճանապարհը, բայց և գիտակցում եմ, որ իրենց ընտրած ճանապարհին բազմաթիվ դժվարություններ ու հիասթափություններ են ունենալու: Ամեն դեպքում՝ ես նրանց կողքին կլինեմ իմ խորհուրդներով, իսկ որոշում կայացնողները կլինեն երեխաներս»,-ասաց Կամո Սեյրանյանը:

Դուդուկահարի որդին՝ Լևոն Սեյրանյանը՝ շեշտեց, որ իր և քրոջ համար ամենաառաջին քննադատները ծնողներն են, հանդիսատեսի կարծիքը ևս կարևորում են:

Կարինե Գևորգյան

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ





© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք