211652_close_icon
views-count1039 դիտում article-date 21:39 25-06-2019

ՀՀ ԳԱԱ-ի ձեռք բերած սարքի շնորհիվ քիմիական գիտությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի

Հունիսի 25-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Քիմիկոսները նախարար Արայիկ Հարությունյանին և Ռադիկ Մարտիրոսյանին ներկայացրեցին նոր սարքի ընձեռած հնարավորությունները գիտական ուսումնասիրությունների կատարման գործում: Այն թույլ կտա քիմիական գիտությունը Հայաստանում բարձրացնել նոր մակարդակի, և մեր գիտնակաները հնարավորություն են ստանում արդի սարքավորման միջոցով գիտական ուսումնասիրություններ իրականացնել և իրենց հետազոտությունների արդյունքները գիտական հոդվածների միջոցով ներկայացնել միջազգային գիտական հանրությանը, ինչը մինչ այս չէին կարող անել հին սարքավորումների ավելի թույլ հնարավորությունների պատճառով: «Այն նախատեսված է սինթեզվող նյութի ուսումնասիրման և բացահայտման համար: Այս համակարգի օգնությամբ Հայաստանում կզարգանան նյութաբանության նոր ուղղություններ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց սարքի կիրառական նշանակության մասին: Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Այսօր շուկան այնպիսին է, որ պետք է անընդհատ նոր դեղամիջոցներ ստեղծվեն: Նոր դեղը նշանակում է նոր նյութ, նոր նյութի կառուցվածք նոր ատոմներով: Այդ ատոմների ճանաչողն այս սարքն է: Ամբողջությամբ սա հնարորություն է տալիս նյութի կառուցվածքը որոշել»: Նշվեց, որ սարքի կիրառական նշանակությունը մեծ է դեղերի սերտիֆիկացման, կոնյակի և գինու սերտիֆիկացման գործում: 700 հազար դոլլար արժողությամբ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրը ՀՀ ԳԱԱ-ն ձեռք է բերել պետության կողմից հատկացված գումարներից երկար տարիների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին: Այս կապակցությամբ Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Բոլորին միշտ ասել եմ, որ ավելի լավ է մեր գումարները պահենք, հետո գնենք մի կարգին սարքավորում, քան թույլ հնարավորությամբ մի փոքր բան: Բայց բախվեցինք մեր ֆինանսական օրենքների արգելքին, որ պետք է տնտեսած գումարը վերադարձնենք պետական բյուջե: Ի պատիվ պարոն Փաշինյանի, նա թույլատրեց, որ տնտեսած այդ գումարներն օգտագործենք այս նպատակի համար»: Այս սարքից օգտվելու են Հայաստանի 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպությունները, ՀՀ ԳԱԱ համակարգի և ԲՈՒՀ-երի համապատասխան լաբորատորիաների աշխատակիցները, երիտասարդ գիտնականները: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր