211652_close_icon
views-count1476 դիտում article-date 10:57 25-06-2019

«Էկոնոմիայի» շնորհիվ մարդը բերվում է կատարելության՝ աստվածային ծրագրի համաձայն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Սպուտնիկ – Արմենիային» տված հարցազրույցում ճանաչված սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը երկընտրանքի առաջ է կանգնած`արարելո՞ւ, թե՞ «ռևկոմի» տրամաբանությամբ շարժվելու: Այդ ընտրությունն իսկապես պետք է կատարի ոչ միայն Հայաստանի ներկայիս իշխանությունը, այլև մեր երկրի հասարակությունը: Իշխանությունը, որ ձևավորվել է հասարակության, քաղաքացիների կամքով, գուցեև ստիպված լինի ենթարկվել վերջիններիս կամքին: Իսկապես, կա երկու ճանապարհ, որոնցից մեկն ավելի դյուրին և պահանջված է թվում, այն է՝ «արդար» վերաբաշխել այն, ինչ կա։ Հաշվի առնելով հասարակական տրամադրությունները, իշխանությունը մեծ գայթակղություն ունի դրանով գնալու. «թափ տալ» օլիգարխներին, բռնագրավել, ազգայնացնել, «բոմժ սարքել», ներքին թշնամիներ փնտրել, բռնել, պատժել։ Դա «ռևկոմական» ճանապարհն է։ Այդպես գործելով հնարավոր է որոշ ժամանակ հաճույք պատճառել «ժողովրդական լայն զանգվածներին», բայց պատմական մեծ հեռանկարի տեսանկյունից դա մեծ փոփոխությունների չի բերի: Եթե, պայմանականորեն ասած, 10 միլիոն դոլարը գտնվում է Պողոսի գրպանում, ապա դրա «բռնագրավումից» հետո այն, ի վերջո, կհայտնվի Պետրոսի գրպանում։ Իհարկե, զանգվածային ուղեղում կարող է պատրանք առաջանալ, որ այդ 10 միլիոնն անցնում է «ժողովրդին»։ Բայց դա պատրանք է, սեփականության վերաբաշխումից ժողովուրդը չի շահում, շահում են վերաբաշխողները: Դա շատ նման է պետական ինստիտուտների «վերակազմավորումներին»: Առաջ ՍԴ-ն կամ ԲԴԽ-ն կամ ընդհանրապես դատարանները ծառայել են մի իշխանությանը, վաղը, «վերաբաշխողական բարեփոխումների» արդյունքում, դրանք կծառայեն մյուս իշխանությանը։ Ո՞րն է տարբերությունը, որ նոր իշխանություններում ավելի լավ մարդի՞կ են: Մյուս ճանապարհը նորը ստեղծելն է: Դարձյալ պայմանականորեն ասած՝ Պողոսի մոտ մնում է նրա 10 միլիոնը (իհարկե, այսուհետ նրան ստիպում են հարգել օրենքը), բայց նրա կողքին հայտնվում են 10 «Պետրոսներ», որոնք այլ հիմունքներով 100 միլիոն են ստեղծում: Այդ ճանապարհը պահանջում է համբերություն, խելք, ոչ ստանդարտ մտածողություն, որովհետև այն, ինչ արվել է մինչ այս պահը, նույնիսկ եթե արվել է լավագույն մտադրություններով, չի աշխատում, չի գործում: Բայց այդ «նորի ստեղծումը» պահանջում է «նոր մարդ»՝ նոր մտածողությամբ: ․․․ Հունարեն «oikonomia» բառը, որքան էլ տարօրինակ հնչի, մ.թ. 2-3 դարում օգտագործել են ոչ թե տնտեսագետները, այլ աստվածաբանները: Ավելի ստույգ, այն հույն աստվածաբանները, որոնք ընդունել էին քրիստոնեությունը, և ցանկանում էին այն «միահյուսել» հելլենիստական ուսմունքների հետ: Այդ «էկոնոմիայի» համաձայն, մարդը բերվում է կատարելության՝ նախօրոք մշակված որոշակի աստվածային ծրագրի համաձայն: Դարձյալ գուցե ոչ ստանդարտ հնչի, բայց Նոր Հայաստան կառուցելու համար մեզ պետք է մարդուն տանել կատարելության ճանապարհով: Մեզ պետք է «էկոնոմիա»՝ այդ բառի նեղ և լայն իմաստով: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր