211652_close_icon
views-count95735 դիտում article-date 13:37 23-06-2019

Ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. 25–ամյա վարորդը «Վեգա» ընկերության Ford-ով մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել է ձորում. վիրավորներին առաջինը օգնության են հասել Սիսիանի բժիշկներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Վրեժ Համբարձումյանը իր վարած Ford Transit մակնիշի 847 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 60 մ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին և ուղևոր, Երևանի բնակիչ, 32-ամյա Արսեն Խոջումյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու այդ պահին Երևանից Սիսիան ուղևորվող Սիսիանի հիվանդանոցի բժիշկները: Վերջիններս տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին և սպասել են այնքան ժամանակ, մինչև ժամանել են Արարատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր էլ վիրավորներին տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի՝ մետաղե ջարդոնի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է «Վեգա» ընկերությանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր