211652_close_icon
views-count2162 դիտում article-date 15:32 22-06-2019

«Հայաստան-ինժեներական շաբաթ»-ը Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից Հայաստան կբերի ոլորտի 500 ներկայացուցչի

«Հայաստան-ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը, որն անցկացվելու է հունիսի 24-28-ը Երևանում և Վանաձորում, հնարավորություն է տալու աշխարհին ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժն ու արտադրանքը: «[url=https://armenpress.am/arm/news/979449.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը: Նա, ընդգծելով նման մեծամասշտաբ միջոցառման կարևորությունը, նշեց, որ այն ամբողջությամբ հայկական է, քանի որ խոսնակների մեծամասնությունը հայերն են, որոնք առաջարկելու են, ներկայացնելու են իրենց լուծումները: «Շաբաթվա շրջանակում Հայաստանը հյուրընկալելու է տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների Եվրոպայից, ԱՄՆ-ից, Աֆրիկայից: Խոշոր ընկերություններից են «Nvidia»-ն, «Nokia»-ն։ Նրանք տեսնելու են այն մեծ հնարավորությունները, որոնք կան Հայաստանում, գտնելու են համագործակցության եզրեր: Հույս ունենք, որ ոլորտն աճելու նոր հնարավորություններ կունենա, գուցե նոր նախագծեր իրականացվեն Հայաստանում, ինչի արդյունքում աշխատատեղեր կստեղծվեն»,-ընդգծեց նախարարի տեղակալը։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի համոզմամբ` «Հայաստան- ինժեներական շաբաթ» միջոցառումների շարքը կդառնա եզակի միջազգային հարթակ, որը կմիավորի տարբեր երկրների տեխնոլոգիական ձեռներեցներին, ինժեներներին, գիտնականներին, առաջատար փորձագետներին, ուսանողներին, կառավարության ու բիզնեսի ներկայացուցիչներին։ Նրա խոսքով` նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը որպես աշխարհին բարդ և ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր: «Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանը նշեց, որ միջոցառումներն ընտրվել են թիրախային երեք մոտեցմամբ` ցույց տալ ինժեներական առաջատար այն կիրառական լուծումները, որոնք մշակվում են Հայաստանում, աշխարհին լսելի դարձնել, որ հենց Հայաստանն է դառնում ինժեներական հարցերին լուծումներ գտնելու կենտրոն և երիտասարդությանը ցույց տալ, թե ինչ զարգացում ունի ինժեներությունը Հայաստանում: PMI Հայաստան գիտահետազոտական կենտրոնի գործընկերության և պլանավորման ղեկավար Մարիամ Դավթյանն էլ անդրադարձավ հայ գիտական մտքի զարգացման պատմությանը։ Նա նշեց, որ դեռ խորհրդային տարիներից մնացած ժառանգությունը բավականին ծանրակշիռ հիմք ունի, որի հիման վրա ստեղծվում են տեխնոլոգիաներ, որոնք առաջատար են աշխարհում։ «Հայաստան - ինժեներական շաբաթ»-ը համախմբելու է շուրջ 500 մասնակցի՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։ Շաբաթվա ընթացքում Երևանում և Վանաձորում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում տեղական և միջազգային 30 կազմակերպություններ ներկայացնելու են իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները: Հունիսի 24-26-ը կայանալիք մասնագիտական քննարկումները, որոնց մասնակիցների թվում մեծամասնություն են կազմում Հայաստանի լավագույն ինժեներները, նվիրված կլինեն ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներին, կիսահաղորդիչների նախագծմանն ու թեստավորմանը, 5G-ին, արդյունաբերական IOT-ին, արհեստական բանականությանը և այլն: Զուգահեռ՝ հունիսի 26-ին կկայանա նաև աշխատաժողով՝ Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Հայաստան - ինժեներական շաբաթ»-ի փակումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ և ինժեներական լուծումների ցուցահանդես։ Շաբաթը կամփոփվի բացօթյա ռոք համերգով: Միջոցառումն անցկացվելու է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Նմանատիպ նյութեր