211652_close_icon
views-count2929 դիտում article-date 23:35 21-06-2019

«Սպիտակ. 5 րոպե լռություն». աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացվել է ռուս լուսանկարիչ, լեռնային փրկարար Եվգենի Ժիլյաևի անհատական ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացվել է ռուս լուսանկարիչ, լեռնային փրկարար, միջազգային կարգի սպորտի վարպետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Եվգենի Ժիլյաեւի անհատական ցուցահանդեսը՝ «Սպիտակ. 5 րոպե լռություն» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված են 30 տարվա վաղեմություն ունեցող կադրեր. 1988թ. հեղինակը մեկնել էր Սպիտակ որպես Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի փրկարար ջոկատի հրամանատարի տեղակալ: Ցուցահանդեսի խորագիրը խորհրդանշական է. ինչպես հիշում է հեղինակը՝ փրկարարական աշխատանքների յուրաքանչյուր ժամից հետո անհրաժեշտ էր հինգ րոպե լռություն փլատակների տակ մնացած կենդանի մարդկանց ձայները լսելու համար: Այս ցուցահանդեսը հավաքածուի երրորդ ցուցադրումն է. առաջին երկուսը կայացել են Ռուսաստանում՝ 2018թ. դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի փրկարարների միությունում, այնուհետեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոնում: Իսկ ավելի վաղ՝ 2018թ. նոյեմբերի 28-ին Ե.Ժիլյաեւը հրավիրվել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ազնավուր» հիմնադրամի ջանքերով կազմակերպված «Մատյան երախտագիտության» խորագիրը կրող ձեռնարկին. պարգեւատրվել է հուշամեդալով: Երեւանյան ցուցահանդեսի աջակիցներն են՝ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան, «Մոսկովյան հանրագիտարաններ» հիմնադրամը, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանը, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պովոլժյան մասնաժյուղը, ցուցահանդեսների կազմակերպման եւ լուսավորչական ծրագրերը, Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, PhotoPodium.com հարթակի հայաստանյան ներկայացուցիչ եւ ցուցահանդեսի համադրող Արմեն Ենգոյանը, լուսանկարիչներ եւ այլք: Ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում կգործի մինչեւ հուլիսի 10-ը, այնուհետեւ կտեղափոխվի Սպիտակ՝ մշտական ցուցադրության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր