211652_close_icon
views-count825 դիտում article-date 22:12 13-06-2019

Դեսպան Աշոտ Հովակիմյանը պաշտոնական այց է կատարել Չեխիայի Մորավասիլեզիայի երկրամաս

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հունիսի 6-7-ին պաշտոնական այց է կատարել Մորավասիլեզիայի երկրամաս ((Moravian-Silesian region)։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «երկրամասի մայրաքաղաք և Չեխիայում մեծությամբ երրորդ քաղաք Օստրավայում հունիսի 6-ին տեղի ունեցավ «Եվրասիական տնտեսական միության գործարար օր» կոնֆերանսը, որին բացի ԵԱՏՄ անդամ երկրների դեսպանություններից և առևտրական ներկայացուցչություններից, մասնակցեցին նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության, երկրամասի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանը, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ներկայացուցիչ, հանդես եկավ ելույթով` ներկայացնելով կառույցի առաջնայնություններն ու գլխավոր ուղղությունները: Միջոցառման շրջանակներում կայացավ Օստրավայի և հարակից քաղաքների բիզնես միջավայրի և հնարավորությունների ներկայացումը: Մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու «Վիվեսա» հոլդինգին պատկանող «Ինկոֆարմա» դեղագործական ընկերություն և «Վիտալո» շոկոլադի գործարան, Օստրավայի Լեոշ Յանաչեկի անվան միջազգային օդանավակայան, «Ջոբ Էյր» ինքնաթիռների վերանորոգման ընկերություն, «Տոնակ» նորաձևությունների կենտրոն: Կայացան առանձնազրույցներ Սբերբանկ-Չեխիա, «PRK» իրավաբանական ընկերության, Օստրավայի համալսարանի և քաղաքի բիզնես ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները: ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Մորավասիլեզիայի երկրամասի հեյթմանի (մարզպետի) տեղակալ Յակուբ Ունուցկայի (Jakub Unucka) և Օստրավայի փոխքաղաքապետ Զբինեկ Պրաժակի (Zbyněk Pražák) հետ։ Նույն օրը կայացավ նաև ՀՀ դեսպանի հանդիպումը Օստրավայի և հարակից քաղաքների հայ գործարարների հետ: Հունիսի 7-ին Աշոտ Հովակիմյանն այցելեց Ֆրիդեկ-Միստեկ քաղաք։ Քաղաքապետ Միխայել Պոբուցկիի (Michal Pobucký)` հետ քննարկվեցին գործընկերության հաստատման և մշակութային համագործակցության հնարավորությունները: ՀՀ դեսպանն այցելեց Ֆրիդեկ-Միստեկում գտնվող հանրահայտ «Մարլենկա» ընկերության հրուշակեղենի նորարարական գործարան, որի տնօրեն Գևորգ Ավետիսյանը ներկայացրեց գործարանը, նրա տեխնիկական հագեցվածությունը, արտադրանքը, և գործարանի հետագա զարգացման հեռանկարները»:

Նմանատիպ նյութեր