211652_close_icon
views-count1319 դիտում article-date 13:41 13-06-2019

Կապահովվի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ-ում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված: Հաստատվել են, մասնավորապես, խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը: Կարգի նպատակն է նպաստել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը և զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ձևերը: Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, կարգով հստակ սահմանվում են խնամատարության տարբեր ձևերը և տեսակները, խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների վերապատրաստման կարգը: Որոշմամբ, մասնավորապես, երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2.0 հազար դրամ: Երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափերն առաջարկվում է տարանջատել ըստ մասնագիտացված և ընդհանուր բնույթի խնամատար ընտանիքների: Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և կանոնակարգել երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները:

Նմանատիպ նյութեր