211652_close_icon
views-count1337 դիտում article-date 11:57 13-06-2019

Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին. ԵԽ-ն գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ԵԽ-ն մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը: Ստորև ներկայացնում են Թ. Յագլանդի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը և բնագրի պատճենը. «Հարգելի պարոն վարչապետ, Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանը այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներին, ովքեր մայիսի 30-ին և 31-ին այցելեցին Հայաստան, ինչպես նաև նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար: Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաև կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն ու բարեփոխել և վերակառուցել դատական համակարգը՝ համապատասխան Հայաստանի Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին: Արագ ու վճռականորեն իրականացված համապարփակ և հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակները: Այդ ռազմավարությունը կարող է կառուցվել 3 հենասյուների վրա` կոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքեր, դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացում և մարդու իրավունքների խախտումների շտկում: Այն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների եւ մոնիթորինգի մեխանիզմների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի և GRECO- ի եզրակացություններով: Նման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբ, դրանց կանխատեսելիությունը եւ միջազգային աջակցության շարունակականությունը: Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երևանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ: Շարունակական համագործակցության ակնկալիքով, Անկեղծորեն Ձեր, Թորբյորն Յագլանդ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր