հիմնական կայք
Լրահոս

Տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկում

Տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկում Այսօր՝ հունիսի 12-ին, քաղհասարակության ներկայացուցիչների, լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը։


Բացման խոսքում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նման ձևաչափով դատական իշխանության բյուջետային հայտի նախագծի քննարկում կազմակերպելու հրամայականը պայմանավորված է դատական իշխանության հանրային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու հետևողական անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 24.05.2019թ. գրությամբ։

Հակիրճ ներկայացնելով Դեպարտամենտի կողմից մշակված բյուջեի նախագիծը՝ դեպարտամենտի ղեկավարը նշեց, որդատական համակարգի2020 թ․-ի բյուջետային հայտը կազմում է 21,195,745,000դրամ, որը պլանավորվում է իրականացնել մեկ ծրագրի շրջանակներում։ Այն իր մեջ ներառում է22 միջոցառում, որից 16-ը վերաբերում են ՀՀ դատարաններին` առանձին-առանձին, 1-ը՝ Բարձրագույն դատական խորհրդին և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին, 1-ը՝ դատարանների պահուստային ֆոնդին, իսկ մյուս 4-ը հանդիսանում են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր։

Դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ Լիլիանա Գասպարյանն էլ իր հերթին հանգամանորեն ներկայացրեց բյուջետային հայտի նախագծի կազմման, մշակման աշխատանքները։ Նա նաև անդրադարձավ իրենց կողմից կատարված միջազգային փորձի ուսումնասիրությանը՝ հատկապես շեշտելով Նիդերլանդների օրինակը, որը հիմնականում հիմք է հանդիսացել բյուջետային հայտի նախագծի մշակման համար։

Ներկայացվեց նաև բյուջետային հայտի նախագծի կառուցվածքը, որն իր մեջ ներառում է պետական մարմնի ռազմավարության ընդհանուր նկարագրությունը և պետական մարմնի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերն ու միջոցառումները։

Քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես բյուջետային հայտում նշված առանձին դրույթներին, այնպես էլ դատական իշխանության առջև ծառացած ընդհանուր խնդիրներին։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Ա․ Մեսրոպյանը նշեց, որ այս տարի պետական կառավարման մարմինների հաջորդ տարվա բյուջետային հայտերի և 2020-2022 թթ․միջնաժամկետ ծախսերի քննարկումն իրենց նախաձեռնությունն է, որն իրականացվում է «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀֆինանսների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության անմիջական հանձնարարությամբ։
Հանդիպման ավարտին տեսակետ հնչեց, որ նման ձևաչափով հանրային քննարկումները հասարակություն-պետական կառույց կապը դարձնում են առավել բաց և թափանցիկ։

Հ․Գ․Քննարկման համար նախատեսված նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am)

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և
հասարակայնության հետ կապերի ծառայություն

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք