հիմնական կայք
Լրահոս

Երևանի էրեբունի վարչական շրջանում մեկ տարուց ավելի է՝ պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում մի քանի տների փլուզման դեմն առնելու ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի էրեբունի վարչական շրջանում մեկ տարուց ավելի է՝  պատկան մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում մի քանի տների փլուզման դեմն առնելու ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Արդեն մեկ տարուց ավելի է՝ Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի Որմնադիրների 76 հասցեի բնակիչները չգիտեն, թե պատկան մարմիններից էլ ում դուռը ծեծեն, որպեսզի իրենց խնդիրը լուծում ստանա:


Այսօր՝ հունսի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տան 60-ամյա բնակչուհի Ռուզաննա Ալավերդյանը ասում էր. «Սարի Թաղի այս հատվածում մի քանի տներ հայտնվել են վտանգավոր իրավիճակում: Ջուրը երկար ժամանակ է՝ տների տակով անցնում է, ինչի պատճառով թ՛ե մեր տունը, թե՛ հարևան մի քանի տներ ամբողջովին պատված են խոնավությամբ:

Խնդրի վերաբերյալ բազմիցս ահազանգել ենք թե՛ Էրեբունու թաղապետարան, թե՛ քաղաքապետարան, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվում՝ հարցին դրական լուծում տալու համար:

21-րդ դարում ենք ապրում ու պատկան մարմինները չեն կարողանում կամ էլ չեն ցանկանում մի քանի տների հիմքերը խարխլող ջրի դեմն առնեն:

Թողես հեռուստացույցով իրենց գովքը անեն, թե Հայաստանը բարձր տեխնոլոգիաներով զարգացած երկիր է: Եթե այսպես է զարգանալու երկիրը, ուրեմն «երկինքը փուլ գա ձեր գլխին»: Եթե չեք ուզում մեր տները փուլ գա, ապա գոնե հիմա մարդասիրություն ցուցաբերեք ու էս խնդիրը լուծեք, իսկ դա կարող եք, եթե մի քիչ սրտացավ մոտենաք հարցին:

Մեզ երբեմն նախատում են, թե ոչ թաղապետարանի վրա հույսներդ դրեք, ոչ էլ քաղաքապետարանի, միանգամից դիմեք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց միթե սա այն հարցն է, որ վարչապետը խառնվի: Բա էդ կաբինետներում նստած պաշտոնյաները ինչի՞ համար են հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստանում, որ պետք է մեր վերքին դարման չլինեն: Ինչ է՝ սա էն հարցն է, որ պետք է վարչապե՞տը խառնվի: Կարծում ենք՝ ոչ: Քաղաքապետարանն ու թաղապետարանը իրենք պետք է շահագրգրված լինեն, խնդիրը օր առաջ լուծելու համար:

Մենք վստահ ենք, որ ջուրը ոչ թե խորքային, այլ խմելու է: Թաղամասեր կան օրերով ջուր չունեն, իսկ ջուրը Սարի Թաղում մի քանի տներ կամաց-կամաց տանում է փլուզման:

Լաբորատորիաներից ամեն անգամ, երբ դիմում ենք, գալիս պռատակոլնի ներկա են ստանում ու հայդե: Էլ դրանց տեսնել չի լինում»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարդիկ իրենց ուժերով վերացնում են ջրից առաջացած վթարի հետքերը, սակայն օրեր անց նորից կրկնվում է նույն պատկերը: Եթե պատկան մարմինները խնդիրը կարճ ժամանակում չլուծեն, ապա այս փողոցի մ ի քանի բնակիչներ հայտնվելու են բաց երկնքի տակ ու այդ ժամանակ պատասխանատուները չեն իմանա, թե ինչ պատասխան են տալու բնակիչներին:

Ֆոտոլրագրողի հետ զրուցյում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի մամուլի պատասխանատու Արթուր Օսիպյանն ասում էր. «Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրների 76 հասցեում` սեփական տան մոտ, ճանապարհի տակից ջուր է հոսում: Դեպքի հետ կապված, վարչական շրջանը դեռ ամիսներ առաջ ուսումնասիրություն է իրականացրել և միջնորդություն ուղարկել «Վեոլիա ջուր» ընկերությանը: Ընկերության կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզվել է` ստորգետնյա հոսող ջուրը խմելու ջուր չէ, ավելին` մի ամբողջ օր տվյալ տարածքը ջրազրկվել է, սակայն ջրի հոսքը չի դադարել: Բնակիչն էլ պնդում է, որ ջուրը խմելու է և վթարի արդյունքում է հոսում: Խնդրին լուծում տալու համար վարչական շրջանը ևս մեկ անգամ միջնորդել է , որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերություն արդեն կրկնակի հետազոտություն իրականացնի:»

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք