211652_close_icon
views-count2403 դիտում article-date 14:02 12-06-2019

Արցախի ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր: Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը. «Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ): Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով: Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը: ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր