211652_close_icon
views-count907 դիտում article-date 14:41 12-06-2019

Դեսպան Տիգրան Մկրտչյանը և Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահ Յուրաս Բանիսը քննարկել են գիտության ոլորտում հայ-լիտվական համագործակցության և այլ հարցերի լայն շրջանակ

Հունիսի 11-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահ Յուրաս Բանիսին (Jūras Banys): Հանդիպման ընթացքում քննարկվեց գիտության ոլորտում հայ-լիտվական համագործակցության սերտացմանը, փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, մասնագիտական վերապատրաստման և գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Մկրտչյանը նշեց, որ գոյություն ունեցող իրավապայմանագրային հիմքը լավ հնարավորություններ է ընձեռում ոլորտային համագործակցություն հաստատելու համար՝ միաժամանակ կարևորելով Լիտվայում հայագիտության ավանդույթների պահպանման և հետագա զարգացման անհրաժեշտությունը։ Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահն իր հերթին նշեց, որ երկու երկրների գիտությունների ակադեմիաների միջև ավանդաբար առկա է կառուցողական երկխոսություն և համագործակցության մեծ ներուժ, որն օգտագործելով հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ հաջողված նախագծեր։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև ընթացիկ տարում ՀՀ դեսպանության կողմից իրականացվելիք միջոցառումները, անդրադարձ կատարվեց համատեղ ծրագրերի հնարավորությանը: Ողջունելով դեսպանի առաջարկները՝ Յուրաս Բանիսն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու և համահեղինակելու ՀՀ դեսպանության նախաձեռնությունները:

Նմանատիպ նյութեր