211652_close_icon
views-count4441 դիտում article-date 10:10 12-06-2019

Այսօր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է

ՀՀ պետական-քաղաքական գործիչ, երկրի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն այսօր՝ հունիսի 12-ին, կդառնար 68 տարեկան: Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Կրասնոդարի երկրամասում ուսուցիչների ընտանիքում։ Ապա ընտանիքով տեղափոխվել են Երեւան, ապրել Վարդաշենում։ Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, մայրը` հայոց լեզվի։ Ծնողները արմատներով Արեւմտյան Հայաստանից էին` Մուշից։ Մինչեւ 8-րդ դասարան սովորել է Երեւանի թիվ 123-րդ դպրոցում, ապա ընդունվել մաթեմատիկական թեքումով Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոց։ 14 տարեկան հասակում Անդրանիկ Մարգարյանը հիմնադրում է «Աշակերտական պայքար» գաղտնի միությունը։ 1966-ին ծանոթանում է ընդհատակյա Ազգային Միացյալ կուսակցության անդամներ Աշոտ Նավասարդյանին, Ազատ Արշակյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանի հետ միասին 1968 թ-ից ընդգրկվում կուսակցության շարքերը, ակտիվորեն մասնակցում հակախորհրդային շարժմանը: 1973 թ-ին դառնում է ԱՄԿ խորհրդի անդամ։ 1967-1972թթ. Մարգարյանը սովորում է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում` ստանալով հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում: 1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ: Սակայն 1974թ. նոյեմբերի ձերբակալվում է ՊԱԿ-ի կողմից: Միխայիլ Խեյֆեցի հայտնի վավերագրական գրքի մի դրվագում պատմվում է, որ ընդհատակյա գործիչներից մեկը ձերբակալվել է, երբ ԱՄԿ կալանավորված ղեկավարներից մեկը նրան անզգուշորեն գրություն է ուղարկել ՊԱԿ-ի աշխատակցի հետ: Շատերը հակված են կարծելու, որ ձերբակալվածը հենց Անդրանիկ Մարգարյանն է: Նրա մոտ հայտնաբերվում են հակասովետական, ազգայնական բովանդակության նյութեր, բանաստեղծություններ, թռուցիկներ եւ ծրագրային փաստաթղթերի ձեւով գրականություն: Նոյեմբերի 10-ին քրեական գործ է հարուցվում, որի արդյունքում ՀՍՍՀ քր. օր.-ի 65 հոդ. 1-ն մասով Մարգարյանը դատապարտվում է ազատազրկման 2 տարով: Ազատազրկումից վերադառնալուց հետո՝ 1977թ. աշխատանքի է ընդունվում Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ: 1978-79թթ. աշխատում է Էլեկտրատեխնիկական գործարանում որպես էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-90թթ.՝ Առեւտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում՝ էլեկտրոնիկայի բաժնի վարիչ: 80-ականների կեսերից վերադառնում է քաղաքական գործունեությանը: Ընդգրկվում է Հովիկ Վասիլյանի ստեղծած “Հայ Դատ” կազմակերպությունում: Իր գործունեության մասին կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է 1987թ. աշնանը: «Հայ Դատ»-ը սկսում է տպագրել համանուն ամսագիրը: Կազմակերպության օգնությամբ ստեղծվում է Բերդաձորի երկրապահների ջոկատը, որը մասնակցում է բազմաթիվ ռազմական գործողություների Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Ղարաբաղյան շարժման հենց սկզբից Մարգարյանը նվիրվում է Արցախի ազատգրմանը, մասնակցում կամավորական ջոկատների ստեղծմանը, մասնակցում մարտական գործողությունների, 1990-94թթ. ղեկավարում Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիայի բաժինը։ 1992 թ-ին ընդրկվում է իր համախոհ Աշոտ Նավասարդյանի հիմնած՝ Հայաստանում առաջինը գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շարքերը: 1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող, 1995 թ-ին ընտրվում է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1999 թ-ին դարձյալ ընտրվում է ԱԺ պատգամավոր, մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավար: 1993-1997 եւ 1998-2005թթ. եղել է ՀՀԿ Խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ: 1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ: ՀՀ նախագահի 2000թ. մայիսի 12-ի հրամանագրով նշանակվում է ՀՀ վարչապետ։ Ղեկավարել է կառավարությունը մինչեւ 2007թ մարտ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: Պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան», «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով։

Նմանատիպ նյութեր