211652_close_icon
views-count2385 դիտում article-date 11:48 11-06-2019

Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր հայտարարել է Մովսես Աբելյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով ԳՔ տեղակալ նշանակելու մասին։ 2016-ից մինչ օրս Մովսես Աբելյանը զբաղեցրել է Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով ԳՔ փոխտեղակալի պաշտոնը։ Մովսես Աբելյանն ունի խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում գործունեության 25-ամյա փորձ, ղեկավարել է Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ: 2011թ․ ապրիլից մինչև 2016թ. մարտը, զբաղեցնելով ՄԱԿ-ի ԱԽ հարցերով բաժանմունքի տնօրենի պաշտոնը, Մովսես Աբելյանը խորհրդատվություն է տրամադրել ԱԽ նախագահին, անդամներին, ինչպես նաև ԱԽ օժանդակ մարմիններին՝ ԱԽ աշխատանքներին, պրակտիկային ու ընթացակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ: Ավելի վաղ զբաղեցրել է ԳԱ Վարչական ու բյուջետային հարցերով կոմիտեի (5-րդ կոմիտե) և Ծրագրերի ու համակարգման հարցերով կոմիտեի քարտուղարի պաշտոնները։ 1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, իսկ մինչ այդ` մշտական ներկայացուցչի տեղակալը։ Դիվանագիտական ծառայության ընթացքում նախագահել է ՄԱԿ-ի ԳԱ 5-րդ կոմիտեն և Մանկական հիմնադրամը, ինչպես նաև հանդիսացել է Զինաթափման հանձնաժողովի փոխնախագահ, խաղաղապահ գործողությունների ֆինանսավորման բարեփոխումների հատուկ բանակցող և ԳԱ 57-րդ նստաշրջանի կազմակերպության բարեփոխումների հարցերով համակարգող։ Դիվանագիտական ծառայությանն անցնելուց առաջ դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Մովսես Աբելյանը կրթություն է ստացել Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նմանատիպ նյութեր