211652_close_icon
views-count2202 դիտում article-date 10:50 11-06-2019

Չընկնել «հպարտ քաղաքացու» վերաբերյալ պատրանքների մեջ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իշխող կուսակցության ներկայացուցիչ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կիրակի օրը, երբ Աբովյան քաղաքի ընտրությունների արդյունքները դեռևս հայտնի չէին, ակնարկեց, որ եթե հաղթի գործող քաղաքապետը, ԲՀԿ-ի աջակցությունն ունեցող Վահագն Գևորգյանը, ապա դա «կնշանակի, որ Աբովյանի քաղաքացին նախընտրում է այն համակարգը, ինչով ապրել է 20 տարի և այն դժգոհությունները, այն ընդվզումը (որը կար անցած տարվա հեղափոխության ժամանակ – Ա.Ա.) կամ ձևական բնույթ է կրել, կամ փոքրամասնության մոտ է եղել»: ՔՊ-ական մարզպետը չափից դուրս մեծ ակտիվություն էր դրսևորում ընտրությունների ժամանակ, որն, իմ կարծիքով, այնքան էլ տրամաբանական չէ ժողովրդավարության առումով՝ տարածքային կառավարման նշանակված պաշտոնյան «վիզ է դնում», որ իր տարածքում հաղթի տեղական ինքնակառավարման իշխանության թեկնածուն: Դա, ըստ իս, մարզպետի ինստիտուտի, այսպես ասած, «սահմանադրական անկատարության» դրսևորումներից մեկն է: Բայց զուտ քաղաքական առումով Ռոմանոս Պետրոսյանի գնահատականի մեջ, ինձ թվում է, կա ճշմարտության հատիկ: Չնայած երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, աբովյանցիների 60 տոկոսն ընդհանրապես չգնաց քաղաքապետի ընտրություններին, իսկ գնացածների մեծամասնությունը գերադասեց հին՝ ֆեոդալական, «հաստավիզ-ախրաննիկական», կլանային, օլիգարխիկ, «բարեգործական» համակարգը: Երբ ՔՊ-ն ասում է՝ «20 և ավելի տարիներ իշխանությունը կեղծում էր ընտրությունները, լցոնում էր, ջարդում-փշրում էր, ահաբեկում էր, ընտրակաշառք էր բաժանում, իսկ մենք դա չենք անում»՝ դա ճիշտ է: Բայց նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ տասնամյակներ առաջ «Գուլագում» միլիոնավոր մարդիկ էին գնդակահարվում, իսկ հետո այդ պրակտիկան դադարեց: Իհարկե, շատ գովելի է, որ ներկայիս իշխանությունը հակված չէ հանցագործությունների, այդ թվում՝ ընտրական: Այդ փուլը մենք, կարծես թե, հաղթահարեցինք: Բայց հիմա մեր առջև ավելի կարևոր հարց է կանգնած՝ արդյո՞ք այս իշխանությունը հակված է և ընդունակ է բարեփոխումներ անցկացնելու: Իսկ խնդիրների խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է նման բարեփոխումների: Ես որոշակի կասկածներ ունեմ, որ մեր հասարակությունը միահամուռ «մերժեց Սերժին», բայց չմերժեց այն համակարգը, այն մտածողությունը, որը ձևավորվել էր տասնամյակների ընթացքում՝ մոտավորապես 1970-ական թվականներից: Եթե կարճ ձևակերպենք, ապա դա համոզմունք է, որ «թագավորն» ինչ-որ հրաշքով իրենց բարեկեցիկ կյանք կպարգևի: Երբ դա տեղի չի ունենում, մարդիկ բավարարվում են այն կրճոններով, որոնք ավելի փոքր մասշտաբի «թագավորներն» իրենց ժամանակ առ ժամանակ հատկացնում են: Նախ՝ պետք է արձանագրել, որ այդ խնդիրը կա՝ չընկնելով «հպարտ քաղաքացու» վերաբերյալ պատրանքների մեջ: Երկրորդ՝ կոտրել այդ մտածելակերպը՝ դրսևորելով «զրո պոպուլիզմ»: Իշխանությունն ունի՞ դրա վճռականությունը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր