211652_close_icon
views-count2117 դիտում article-date 09:59 11-06-2019

Հայերը և ռուսական դիվանագիտությունը․ «Ամերիկայի ձայն»

Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի ելույթի մեջբերումը, որը Ռուսաստանի Արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մարիա Զախարովան որոշել էր աղավաղել և իր պաշտոնական Ֆեյսբուքյան էջում հրապարակել, սուր վեճեր առաջացրեց սոցցանցերի հայկական հատվածում: Օգտատերերի մի մասը մատնանշում էր, որ աղավաղելով և համատեքստից դուրս հանելով Հայաստանի վարչապետի ելույթից մի հատված, Զախարովան փորձում է ծաղրել, ինչը վայել չէ երկիր ներկայացնող դիվանագետին, մինչդեռ մյուս մասը քննադատում էր Նիկոլ Փաշինյանին՝ իրենց կարծիքով ծաղրանքի արժանանալու համար: Անցնենք փաստերին՝ ահա, թե ինչ էր հայտարարել Փաշինյանն իրականում. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, անհրաժեշտ է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն: Դրա համար կա միայն մեկ ճանապարհ, այն կոչվում է փոխզիջում: Պետք է աշխատել փոխզիջմանը հասնելու ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է փոխադարձ հարգանք և, ինչպես նշեց Վլադիմիր Վլադիմիրովիչը, միմյանց շահերի ընկալում և հարգանք այդ շահերի նկատմամբ: Եթե բոլոր գլոբալ խաղացողները ընկալեն իրավիճակն այսպես և պատրաստ լինեն պատասխանատվություն ստանձնել նման փոխզիջումների համար, ինչն, անշուշտ, հեշտ բան չէ, սակայն, փաստացի, միակ ուղին է, քանի որ մյուս ճանապարհները մեզ մեծ խնդիրներ են բերելու»: Նիկոլ Փաշինյանի այս ելույթից Ռուսաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնակը հանել էր մեկ անավարտ նախադասություն, աղավաղել այն և գրել իր պաշտոնական Ֆեյսբուքի էջում՝ «Փաշինյանը Պիտերի գագաթաժողովին՝ «երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»: «Այսուհետ, սա իմ կարգախոսն է», քիչ անց ավելացրել էր Զախարովան: Հայ օգտատերերի քննադատության լայն ալիքը սակայն ստիպեց Ռուսաստանի դիվանագետին ավելի ուշ խմբագրել իր գրառումը՝ մեջբերումը բերելով ամբողջությամբ և համատեքստի մեջ: «Հատուկ օժտվածների համար հստակեցնում եմ՝ դա ընդգրկուն է, դրական և հիանալի: Ինձ շաաաաաատ դուր եկավ: Իսկ սադրիչներին մի լսեք», - հավելել էր իր գրառմանը Մարիա Զախարովան, փորձելով հերքել ծաղրելու մեղադրանքները: Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի հետ տեղի ունեցած միջադեպը սակայն կարևոր հարց բարձրացրեց, հարց, որին տարբեր պետությունների ղեկավարներ տարբեր կերպ են պատասխանում: Արդյո՞ք երկրի ղեկավարը պետք է ելույթ ունենա օտար լեզուներով, թե՝ միայն պետական լեզվով, թարգմանչի միջոցով: Հարցն անհրաժեշտ է դիտարկել տարբեր հարթություններում, նշում են մասնագետները: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հանրային դիվանագիտության պրոֆեսոր Ֆիլիպ Սեիբի կարծիքով, պետության ղեկավարը պետք է պաշտոնական ելույթներում օգտագործի պետական լեզուն: «Նրանք ունեն սեփական լեզուն, ինչո՞ւ պետք է ելույթ ունենան մեկ այլ ժողովրդի լեզվով», - նշում է Սեիբը: Պետական լեզվով ելույթներ ունենալն ունի նաև մեկ այլ նշանակություն՝ այսպես պետության բոլոր քաղաքացիները հստակ հասկանում են, թե ինչ է ասել իր ելույթներում, այդ թվում և՝ արտերկրյա, իրենց պետության ղեկավարը: Ի դեպ, ավելի քան մեկ տասնամյակ առաջ, 2007-ին, հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միջազգային միջոցառումներին երկիրը ներկայացնող պաշտոնյաները, այդ թվում և ինքը, մայրենի լեզվով պետք է ելույթ ունենան: Հնդկաստանի վարչապետ Մոդին 2014-ից որոշել է անգլերենի փոխարեն ելույթ ունենալ հնդկերենով: Պետական լեզվով են նախընտրում ելույթ ունենալ նաև Չինաստանի նախագահն ու Ճապոնիայի վարչապետը: Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը նույնիսկ որոշել էր Միացյալ Նահանգների Կոնգրեսում ելույթ ունենալ գերմաներեն՝ թարգմանչի միջոցով: Այլ պետությունների ղեկավարներ այնուամենայնիվ նախընտրում են երբեմն ելույթ ունենալ օտար լեզվով, որպես այդ երկրի նկատմամբ հատուկ հարգանքի դրսևորում, հարգանք, որն ակնկալվում է որ կգնահատվի: Իսրաելի բազմաթիվ ղեկավարներ Միացյալ Նահանգներում ելույթ էն ունենում անգլերեն, որպես ԱՄՆ-ի հետ բարեկամության խորհրդանիշ, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվում ամերիկացիների կողմից: Այնպես որ, յուրաքանչյուրը պետք է ինքը գտնի խնդրի լուծումը՝ ծանր ու թեթև անելով բոլոր փաստարկները, սակայն, թարգմանչի օգնությամբ խոսելն ունի ևս մեկ առավելություն, հիշեցնում են մասնագետները՝ այն տալիս է հավելյալ վայրկյաններ դիրքորոշում արտահայտելուց առաջ: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4953549.html]«Ամերիկայի ձայն»[/url]

Նմանատիպ նյութեր