հիմնական կայք
Լրահոս

Խաչատրյանի մրցույթի շնորհիվ արտասահմանցի երաժիշտներն ավելի խորությամբ են տեղեկանում Խաչատրյանի արվեստի մասին

Խաչատրյանի մրցույթի շնորհիվ արտասահմանցի երաժիշտներն ավելի խորությամբ են տեղեկանում Խաչատրյանի արվեստի մասին Հունիսի 9-ին և 10-ին Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում անցկացվում է Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի երկրորդ՝ կիսաեզրափակիչ փուլը։ 13 դաշնակահարներ պայքարում են մրցույթի հաղթողի կոչման համար։


Արմեն Սարգսյանը Խաչատրյանի մրցույթին մասնակցելու համար Երևան է ժամանել Նյու Յորքից։ Նոր է ավարտել կրթությունը, սովորել է Ջուլիարդի դպրոցում, Ինդիանայի համալսարանի Ջեյքոբս երաժշտական դպրոցում և այժմ աշխատանքային փնտրտուքների մեջ է։

Ասում է, որ կփորձի երաժշտության դասեր տալ, մասնակցել մրցույթների, համագործակցել այլ երաժիշտների հետ։ Խաչատրյանական մրցույթի առաջին փուլում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրեդերիկ Շոպենի և Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններից։ Երկրորդ փուլում Արմեն Սարգսյանն ի թիվս այլ գործերի կատարելու է նաև Արամ Խաչատրյանի Տոկատը դաշնամուրի համար։

Դաշնակահարը նշում է, որ կիսաեզրափակչում կատարելու համար ընտրված գործերն իրեն շատ հոգեհարազատ են, և պարզապես նվագելու է հաճույքի համար։ Իր մրցակիցներին Արմեն Սարգսյանը չի լսել, քանի որ կարծում է, որ դա իրեն ավելորդ հուզմունք կհաղորդի։ «Բոլորն իհարկե շատ լավ են նվագում։ Ես պարզապես ուզում եմ կենտրոնանալ, մտածել իմ երաժշտության մասին»,- ասում է Արմեն Սարգսյանը։

Չուն Վանը Չինաստանից է, սովորել է Պեկինի կենտրոնական երաժշտական կոնսերվատորիայում, Ջուլիարդի դպրոցում, Մանհեթենի երաժշտական դպրոցում։ Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Խոստովանում է, որ այնքան էլ վստահ չէր, որ կհաղթահարի մրցույթի առաջին փուլը, բայց ելույթ ունենալիս արել է առավելագույնը և երջանիկ է շարունակել պայքարը։ Չուն Վանը Խաչատրյանի ստեղծագործություններին ծանոթ է, փոքր տարիքում կատարել է որոշ գործեր, և ուրախ է, որ Խաչատրյանի մրցույթի շնորհիվ կարողացել է է՜լ ավելի լավ տեղեկանալ Խաչատրյանի արվեստի մասին։

Մրցույթի եզրափակիչ փուլը կմեկնարկի հունիսի 12-ին։ Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները հանդես կգան մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։

Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

«Արամ Խաչատրյան-մրցույթ»
մշակութային հիմնադրամ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք