211652_close_icon
views-count11355 դիտում article-date 11:50 10-06-2019

ՀՀ նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նախորդ տարի պետբյուջեից հատկացված 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամից ծախսել է միայն 1 մլրդ 700 մլն 267 հազար դրամը, իսկ մնացած գումարը վերադարձվել է պետբյուջե: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: «Նախագահի աշխատակազմի 2018 թվականի տարեկան ճշտված պլանը կազմել է 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1մլրդ 700 մլն 267 հազար դրամ: Դա կազմում է ճշտված բյուջեի 83.39 տոկոսը: Արդյունքում տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 338 մլն 670 հազար դրամ »,-նշեց Է. Տարասյանը: Նախագահի աշխատակազմի կողմից 2018 թվականի ընթացքում իրականցված ծրագրերի մեծ մասը գործադիր իշխանության պետական կառվարման և հանրապետական տարածքային կառավարման մարմինների պահպանում ծրագիրն է: Այս ծրագրով նախագահի աշխատակազմի տարեկան ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 694 մլն 840 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 391 մլն 216 հազ դրամ, ինչը կազմում է ճշտված բյուջեի 82 տոկոսը, տնտեսվել է շուրջ 303 մլն դրամ: Հիմնական տնտեսումները եղել են աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով՝ տնտեսվել է 194 մլն դրամ: Էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերով տնտեսվել է 28 մլն դրամ, արտասահմանյան գործողումների մասով՝ 43 մլն դրամ, գրասենյակային, տրանսպորտային և կենցաղային նյութերով ՝ 12 մլն դրամ, կառույցների և սարքավորումների ընթացիկ նորոգման մասով ՝ 6 մլն և այլ ծախսերի մասով 16 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր